Մարալիկ քաղաքի կոյուղատար համակարգը, ըստ բնակիչների, վթարված է դեռ 1980-ականներից: «Ասպարեզ» օրաթերթը գրում է, որ բնակիչները բողոքում են ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունից, այլև՝ կոյուղատար համակարգի խոտանների վերացման ծախսատար աշխատանքից:
«Սաղ ավիրված է, չի աշխատում: Կգան, կնայեն, պռավոդով կմաքրեն, բայց էլի նույն վիճակն է: Կեղտաջուրը կելնի, կլցվի տներս, շան հոտ է գալիս՝ ապրել հնարավոր չէ», – ասում է Մարալիկի բնակչուհի Լյուդմիլա Արշակյանը:
«Խողովակաները փտած ու ավիրված են: Հեչ չեն փոխվել: Էրեխեքին խաղալու տեղ չկա», – շարունակում է Արշակյանի հարևանուհի Լարիսա Փարվանյանը:
Ներկայացված վիճակն առկա է Մարալիկի գրեթե բոլոր թաղամասերում: 2-րդ թաղամասի թիվ 2 շենքի բնակիչները «Ասպարեզի» հետ զրույցում նշել են, որ խնդրով ոչ քաղաքապետարանն է հետաքրքրվում, ոչ էլ ջրմուղը:
«Ամիս չկա, որ մենք 200, 300, 500 դրամ չհավաքենք, որ ջրմուղից գան, սարքեն: Հոտի պատճառով դուռ ու լուսամուտ չենք բացում», – ասել է բնակիչներից Ծովինար Աշխոյանը:
Մարալիկի քաղաքապետարանից և «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից «Ասպարեզին» տեղեկացրել են, որ կոյուղատար համակարգի խնդրով կզբաղվեն այն ժամանակ, երբ կավարտեն ոչ միայն Մարալիկի, այլև ամբողջ մարզի ջրատար համակարգի մոնտաժման աշխատանքները:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում