«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններով չի արգելվում հղիներին հայտնել պտղի սեռը։ Այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնում են, որ իրենք ահազանգեր են ստանում, թե առանձին պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հրաժարվում են հղիներին հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը:
«Ավելին` «Առավոտ» թերթում տրագրված «Հղիներին խաբելու նոր ձև են գտել. միայն գումարով են հայտնում պտղի սեռը» հոդվածում նշվում է, որ որոշ տեղերում ասում են, թե 6000 դրամ պետական վճարում կատարելու դեպքում բժիշկներն իրավունք կունենան ծնողներին հայտնելու ապագա երեխայի սեռը։
Դեռևս ԱԺ-ում չքննարկված, հետևաբար և օրենքի ուժ չստացած նախագծում պտղի սեռի մասին տեղեկատվություն չտրամադրելու դրույթ չկա։ ԱԺ ներկայացված նախագծով արգելվում է 12 շաբաթական ժամկետը գերազանցող հղիության ընդհատումը։ Տվյալ դրույթը խախտելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվել է վարչական պատասխանատվություն», ֊ նշում է նախարարությունը։
Մյուս փոփոխության համաձայն՝ ցանկացած հղիության ընդհատման դեպքում կնոջը պետք է երեք օր ժամանակ տրվի՝ իր որոշման մասին խորհելու համար: Համաձայն փոփոխության, այդ ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգները պետք է հոգեբանական աշխատանք տանեն հղիի և նրա ընտանիքի հետ` հղիությունը պահպանելու ուղղությամբ։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը միջնորդել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն իրենց ենթակայության պոլիկլինիկաներում և բուժհիմնարկներում նման երևույթները կանխելու ուղղությամբ։ Հղիներին առաջարկում ենք տեր կանգնել իրենց իրավունքին և նման դեպքերի մասին իրազեկել տվյալ հաստատության տնօրինությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին` 010-52-88-72 հեռախոսահամարով», ֊ ասված է հաղորդագրության մեջ։