Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը ոռոգման ջրի կարիք ունի, գրում է ecolur.org֊ը։ Համայնքը հիմնականում ոռոգման ջուր ստանում է ցեմենտի գործարանի խողովակաշարից, որն անցնում է Մեղրաձորի վարչական տարածքով:
«Ժամանակին պայմանագրեր են եղել, որպեսզի բնակչությանը սպասարկեն ոռոգման ջրով: Սպասարկել են, նորմալ ընթացել է գործընթացը, իսկ անցյալ տարի, երբ արդեն վճարովի դարձրեցին, արդեն այնտեղ խախտվեց, այսպես ասած, ռեժիմը: Մինչ այդ գյուղացիները անվճար են օգտվել ջրից, սարքեցին վճարովի, էլ նորմալ ջուր չտվեցին», – կայքի հետ զրույցում ասել է Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գյուղապետարանը և ցեմենտի գործարանը համատեղ փորձում են միջոցներ ձեռնարկել՝ բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու համար:
Կառլեն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղի փոքր հատվածը՝ մոտ 10 տոկոսը, ոռոգման նպատակով օգտվում է Թեժ գետի ջրից: Թեժ գետի և նրա Արջաձոր վտակի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-երը հատկապես ամռանը խնդիրներ են առաջացնում համայնքի հողատարածքների ոռոգման համար:
«ՀԷԿ-երը հիմնականում ամռանն իրենց կողմից կառուցված դամբայում կուտակում են ջուրը, որից հետո ջրազրկում են ընդհանուր գետը: Հետո բաց են թողնում որոշակի ժամանակահատվածում՝ հոսանք արտադրելու նպատակով, այդ իսկ պատճառով գյուղացին հնարավորություն չի ունենում ժամանակին ջրել իր հողամասը: Երբ նրանք կուտակումներ են կատարում, ոռոգման ջրի խնդիր է առաջանում», – ասել է Մեղրաձոր համայնքի ղեկավարը:
Ecolur.org-ը նրանից հետաքրքրվել է՝ իրականացվում են արդյոք սոցիալական ծրագրեր համայնքի համար ՓՀԷԿ-երի կողմից:
«Ոչ, միայն իրենց տարեկան հողի վարձն են վճարում: Ժամանակին ոսկե սարեր էին խոսք տալիս, շահագործումից հետո ոչ մի բան», – նշել է Կառլեն Հովհաննիսյանը:
Ինչ աջակցություն կցանկանային ստանալ ՓՀԷԿ-երից հարցին ի պատասխան, Մեղրաձորի բնակիչներից մեկն ասել է. «Կցանկանայինք, որ հոսանքը ձրի լիներ գյուղի համար: Եթե իրենք օգտվում են էս ջրից, ՀԷԿ֊ն էլ դրել են, թող գյուղացիներին էլ ձրի հոսանք տան: Էդքան մի բան»: