Օգոստոսի 21-ին Երևանի կենտրոնում դաժան ծեծի ենթարկված «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին վիրահատել են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի հետ զրույցում բժիշկ Աննա Պողոսյանն ասել է, որ վիրահատվել է Խոցանյանի քիթը և ակնակապիճի հատակները։ Խոցանյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ և բժիշկն նրա վիճակը գնահատում է միջին ծանրության։
«ՀԺ»֊ի հարցին ի պատասխան՝ Պողոսյանը նշել է, որ քննիչները փորձել են հարցաքննել ծեծի ենթարկված անվտանգության աշխատակցին, սակայն իրենք թույլ չեն տվել։
«Նրա հոգեվիճակը շատ վատ է։ Հոգեբույժ է գալիս՝ նրա հետ աշխատում։ Մինչև վիճակը չկարգավորվի հնարավոր չէ նրան հարցաքննել», ֊ ասել է Պողոսյանը։
Խոցանյանը ծեծի է ենթրակվել օգոստոսի 21-ին, ժամը 03։30֊ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ։ Ավեի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ծեծողներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է՝ 26-ամյա Հարություն Թանգամյանը, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ «ՀԺ»֊ն նշում է, որ գործում դեռևս կասկածվող կամ մեղադրվող անձ ներգրավված չէ։