Թուրքիայի տարբեր քաղաքներում երեկ հարձակումներ են գրանցվել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակների վրա։ Today's Zaman պարբերականը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալները Հաքարի նահանգում հարձակվել են թուրքական կանոնավոր բանակի զինվորների վրա՝ սպանելով նրանցից 16-ին և վիրավորելով 6-ին։
Դեպքից հետո Նիղդե քաղաքում մոտ 500 ցուցարար գրոհել է HDP-ի գրասենյակը, կոտրել պատուհանները, ջարդել գրասենյակի վրա կախված ցուցանակը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ցրել են ամբոխը։
Նմանատիպ հարձակումներ են գրանցվել Անթալիա, Մերսին, Սաքարիա, Կայսերի նահանգներում։ Մի քանի դեպքերում ցուցարարները հանել են HDP-ի ցուցանակը և գրասենյակի վրա կախել Թուրքիայի դրոշը։
Երկրի մայրաքաղաք Անկարայում թուրք ազգայնականներն անգամ հարձակվել են քրդերի տների վրա, վառել նրանց ավտոմեքենաները։ Հարձակումների ընթացքում մի քանի մարդ վիրավորվել է։
Նշենք, որ նման հարձակումներ էին գրանցվել նաև այս տարվա փետրվարին, երբ ազգայնականների խմբերը գրոհել էին HDP֊ի գրասենյակները Անկարայում, Տրապիզոնում և Ստամբուլում։
Քրդամետ կուսակցությունը տարեց֊տարեց ավելացնում է իր համախոհների թիվը Թուրքիայում։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններին HDP֊ն հաղթահարեց 10 տոկոսի արգելքը և մոտ 80 տեղ ստացավ երկրի խորհրդարանում։ Նախկինում մեջլիսում մեծամասնություն ունեցող նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընդամենը 40 տոկոս հավաքեց և չկարողացավ իր կառավարությունը կազմել։ Այժմ Էրդողանը ժամանակավոր կառավարություն կազմելու մասին հրաման է ստորագրել և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել։