2012 թվականի դեկտեմբերի 21-ին բանակ զորակոչված և ընդամենը 45 ժամ հետո մահացած զինծառայող Նորայր Սահակյանի գործով ամբաստանյալ բուժաշխատողները միջնորդել են կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ամբաստանյալ Խոջալուի հոսպիտալի հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողի մոտ պատվաստումից հետո ստեղծվել է ալերգիկ ֆոն, և նրա վիճակի վատթարացումը հանգեցրել է մահվան, իսկ բժիշկների մեղավորություն դրանում չկա: Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կրկնակի փորձաքննությունն անհրաժեշտ է, քանի որ նախորդ երկու փորձաքննություններին չեն մասնակցել թոքաբան, սրտաբան, արյունաբան և այլ նեղ մասնագետներ:
Համաձայն Սահակյանի հոր՝ որդին սկսել էր ջերմել դեռևս Կենտրոնական հավաքակայանում ներարկումից 2 ժամ անց, սակայն նրան ճանապարհել էին Լեռնային Ղարաբաղ: Ճանապարհին նա խնդրել է իրեն որևէ քաղաքացիական հիվանդանոցում իջեցնել, սակայն ենթասպա Վարուժան Մանասյանը հրաժարվել է դա անել: Ղարաբաղ հասնելով՝ Սահակյանը տեղափոխվել է Խոջալուի հոսպիտալ, որտեղ էլ մահացել է:
Գեղամ Հակոբյանը պատահական չի համարում, որ Սահակյանի մահվանից անմիջապես հետո ՊՆ-ն փոխել է զինակոչիկներին պատվաստելու ընթացակարգը:
«Մինչ այդ զինակոչիկներին պատվաստում էին հենց զինակոչի օրը, իսկ այդ դեպքից հետո որոշեցին պատվաստումները կատարել զինակոչելուց մեկ ամիս առաջ, որպեսզի զինակոչիկը մնա պոլիկլինիկաների և քաղաքացիական հիվանդանոցների վերահսկողության տակ․ այնտեղ կարող են օգնել ալերգիաների կամ այլ բարդացումների դեպքում», – ասել է Հակոբյանը: Նա նշում է, որ զորակոչիկը պետք է մնար պատվաստումն իրականացնող բժշկի վերահսկողության ներքո։ Փաստաբանի խոսքով՝ Սահակյանին Խոջալու են բերել արդեն իսկ ծանր վիճակում։
Տուժողի իրավահաջորդի կողմը, սակայն, համաձայն է մեղադրական եզրակացության հետ, ըստ որի ռազմական բժիշկները անփութություն են ցուցաբերել, որը հանգեցրել է երիտասարդի մահվան:
Նախաքննության ընթացքում կատարված դատաբժշկական փորձաքննությունը ևս ցույց է տվել, որ Սահակյանի մահվան պատճառը պատշաճ բուժօգնության բացակայությունն է եղել։
Փորձագետ Գագիկ Հարությունյանը դատարանում ասել է, որ այն բանից հետո, երբ երիտասարդի մոտ դեղից ալերգիկ վիճակ էր սկսվել, նրա ջերմությունը բարձրացել էր, բժիշկը պարտավոր էր նրան ռենտգենի ուղարկել։
«Չմտածեք, թե ալերգիան դա մաշկի վրա ինչ֊որ բաների առաջացումն է, դա ամբողջ օրգանիզմի հյուսվածքների վրա է ազդում։ Տղայի մոտ ջերմությունը հասել է 39.6֊ի։ Գերնպաստավոր պայմաններ են ստեղծվել թոքաբորբի արագ զարգացման համար։ Ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով համոզված եմ, որ եթե նրա թոքերը լսեին, խզզոց կլսեին»,֊ ասել է փորձագետը։