«Մեգա Գոլդ» ընկերությունն առաջարկում է մեծացնել Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի արտադրական ծավալները՝ պնդելով, որ բնապահպանական վնասը ծրագրով ոչ միայն չի ավելանա, այլև կնվազի՝ ներդվելիք ավելի լավ տեխնիկայի շնորհիվ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Օրհուս կենտրոնների կայքը, նախագծի մասին սեպտեմբերի 9-ին հանրային լսումների ընթացքում ընկերությունը չի համոզել հանքի մոտ գտնվող Մելիքգյուղի բնակիչներին․ լսումներին ներկա գյուղացիները դեմ են արտահայտվել նախագծին:
«Մեգա Գոլդը» նաև նախատեսում է երրորդ պոչամբարը կառուցել, ինչը նույնպես առաջացրել է մելիքգյուղացիների դժգոհությունը։
«Մեգա գոլդի» համար նախագիծը կազմած «Քոնսեկոարդ» ընկերության տնօրեն Վռամ Թևոսյանն ընդունել է, որ պոչամբարների շահագործումը պարունակելու է բնապահպանական ռիսկ, սակայն, ըստ նրա, դա կապված է լինելու պատնեշները ջարդելու ժամանակ առաջացող փոշու տարածման հետ, և վտանգը կչեզոքացվի, քանի որ փոշին կկլանվի քաշիչ սարքերի միջոցով:
Նրա խոսքով՝ նոր պոչամբարի շահագործումից հետո վթարների ռիսկը նվազեցվելու է, քանի որ պոչերը ավելի շատ են չորացվելու, քան դա նախկինում էր արվում:
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյա Մանուկյանն ասել է, որ պոչամբարում կան մետաղներ, որոնք բազմիցս գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիան:
«Մեծացնում եք պոչամբարները, ծավալները մեծացնում եք, բա էս ծանր մետաղնե՞րը…: Ո՞նց եք [խնդիրներից] զերծ պահելու համայնքի բնակիչներին ու Ապարանի բնակիչներին », – հարցրել է Նատալյա Մանուկյանը:
Ինչպես հաղորդում է Ecolur.org-ը՝ Մելիք գյուղի բնակիչներն ասել են, որ այն պահից ի վեր, ինչ հանքի աշխատանքները դադարեցվել են, բնապահպանական վիճակը մի փոքր կարգավորվել է՝ մեղուները աշխատում են, կարտոֆիլն աճում է:
«3 տարի առաջ, երբ էտ լվացման ցեխը չէր աշխատում, այն ժամանակ որ ջուրը գալիս էր, էս մեր տարածքում 48 ընտանիք զրկվան կարտոֆիլ ցանելուց՝ լրիվ վառվում, թափում էր, չորանում էր, ջուրը գալիս էր տիղմ, դեղին տիղմ գալիս, նստում էր, իսկ էսօր չկա: Այսօր որ չի աշխատում, ես կարտոֆիլ ունեմ, կանաչ մնումա, հոյակապ: Ինչի՞ եք խաբում ժողովրդին, ինչ-որ ճիշտն ա՝ ճիշտն ասեք»,- ասել է գյուղի բնակիչներից մեկը: