Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Մուշեղ Զաքարյանին բռնության ենթարկելու մեջ մեղադրվող Սեյրան Խաչատրյանը, դուրս է գրվել հոգեբուժարանից: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Խաչատրյանի շահերը ներկայացնող փաստաբանը: Սեյրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) եղբայրն է։ Թերթը հիշեցնում է, որ Սեյրան Խաչատրյանին տեղափոխել էին հոգեբուժարան՝ «սուր պսիխոզ» ախտորոշմամբ, այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի ակտիվ մասնակիցներից է։ Հոգեբուժարանում նրան մեղսունակ են ճանաչել։ Սեյրան Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել հուլիսին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Խաչատրյանների ընտանիքի թիրախ հանդիսացած եղբայրներից մեկը՝ Հարություն Զաքարյանը, դեռ Ռուսաստանում է: Ծեծի հետևանքով նա կորցրել էր մեկ աչքի տեսողությունը։ Տուժողի հայրը՝ Գագիկ Զաքարյանը թերթին ասել է, որ սեպտեմբերի 21-ին արդեն կորոշվի վերջին վիրահատության օրը: Մինչ օրս Հարություն Զաքարյանը 5 անգամ վիրահատվել է։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսում մեքենա վարելիս վիճաբանել է զուգահեռ ընթացող մեքենայի ուղևորների՝ Զաքարյանի և նրա եղբոր հետ։ Երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները գնացել են նշված տարածք, որտեղ նրանց դիմավորել են Խաչատրյանի մոտ 40 կողմնակիցներ․ եղբայրներին հայհոյել և ծեծի են ենթարկել: