Թուրքիայի Ոստիկանության հետախուզության վարչության պետ Էնգին Դինչը, ով 2007 թվականին զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության պետի պաշտոնը, հայտարարել է, որ թուրքահայ մտավորական, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ծրագրավորվող սպանության մասին տեղեկությունը Ոստիկանության Ստամբուլի վարչությունը ստացել է դեռևս 2006 թվականի փետրվարին։
Ըստ թուրքական Today's Zaman կայքի աղբյուրի, Դինչը, ով Դինքի սպանության գործով հիմնական կասկածյալներից է, այս մասին ասել է Ստամբուլի Գլխավոր հանրային դատախազությունում գաղտնի հարցաքննության ժամանակ՝ հայտարարելով, որ լրագրողի ծրագրվող սպանության մասին տեղեկությունը նախ ստացել է Տրապիզոնի Ոստիկանությունը, և ապա՝ 2006 թվականի փետրվարի 17֊ին, այն ուղարկվել է Ստամբուլ՝ 027248 համարանշված նամակով։
Ստամբուլի Ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահն ու Ստամբուլի Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, սակայն, 2014 թվականին կայացած դատական նիստի ժամանակ ցուցմունք էին տվել, թե մինչ Հրանտ Դինքի սպանությունն իրենք դրա մասին որևէ տեղեկություն չէին ստացել։
Այս տարվա հունվարին ձերբակալված Ոստիկանության երեք նախկին աշխատակիցներ Էրջան Դեմիրը, Օզքուն Մումջուն և Մյուհիթին Զենիթը, որոնք Դինքի սպանության պահին աշխատում էին Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչությունում, իրենց ցուցմունքներում ասել էին, որ Էնգին Դինչը Դինքի սպանությունը չկանխելու գլխավոր պատասխանատուն է։ Ոստիկանները հայտարարել են, որ Դինքի ծրագրավորվող սպանության մասին զեկույցները պատրաստել էր հենց Դինչը։
Չնայած Դինչին մատնանշող բազմաթիվ ցուցմունքներին՝ գործը քննող ներկայիս դատախազը որոշել է Դինչին հարցաքննության չկանչել։ Դատախազի այս որոշումը կասկածներ է հարուցել, թե ինչ֊որ մեկը Դինչին պաշտպանում է հետապնդումից։
Գործի քննության շրջանակներում որպես կասկածյալներ հարցաքննվել են նաև Ազգային ոստիկանության վարչության երկու նախկին պետեր Սաբրի Ուզունն ու Ռամազան Աքյուրեքը, ինչպես նաև Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազարը։ Աքյուրեքը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 26֊ին՝ մեղադրվելով ազգայնական Էրհան Թունջելի հետ կապեր ունենալու մեջ։
Հիշեցնենք՝ Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով հրապարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից։ Վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:
2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։