հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանցի վարորդները ֆրանսիացիներից 20 անգամ շատ տուգանք են վճարում․ «ՀԺ»

Հայաստանցի վարորդները ֆրանսիացիներից 20 անգամ շատ տուգանք են վճարում․ «ՀԺ»

3-4 տարի առաջ, երբ հայաստանյան ճանապարհներին տեղադրվում էին արագաչափերն ու տեսախցիկները, հայտարարվում էր, որ դա արվում է երթևեկության անվտանգությունը բարձրացնելու, և ոչ թե շատ տուգանքներ հավաքելու համար։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը գրում է, որ, հակառակ պնդումներին, վերջին տարիներին իրավիճակն էլ ավելի է վատթարացել։

«Անցած տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը ամենևին էլ չի նպաստել երթևեկության անվտանգության բարձրացմանը, իսկ դրանց արձանագրած խախտումների համար քաղաքացիներից գանձված գումարներով Հայաստանը թերևս կարող է տեղ զբաղեցնել Գինեսի ռեկորդների գրքում։

Վերցնենք ամենաթարմ տվլայները։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել 1802 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանց հետևանքով զոհվել է 176 մարդ և վիրավորվել 2545-ը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալները այսպիսին են՝ ՃՏՊ֊ների թիվը եղել է 1689, զոհվածների թիվը՝ 156, վիրավորների՝ 2405», – գրում է Գևորգյանը։

Հոդվածագիրն արձանագրում է, որ ՃՏՊ֊ների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6․7 տոկոսով, դրանց հետևանքով զոհվածների թիվը աճել է 12․8 տոկոսով, իսկ վիրավորվածների թիվը՝ 5․8 տոկոսով։

Նման տխուր վիճակագրական տվյալներին ի պատասխան, պետական պաշտոնյաները հայտարարում են, թե ՃՏՊ֊ների թվի աճը պայմանավորված է ավտոմեքենաների թվի աճով։

«Սուտ է։ Եվ այդ սուտը «բռնվում է» պաշտոնական այլ վիճակագրությամբ։ Ըստ ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ընդհանուր արժեքը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է գրեթե կիսով չափ։ Կրճատումը հիմնականում պայմանավորված է ներկրվող մեքենաների թվի կտրուկ կրճատմամբ», ֊ ընդգծում է Գևորգյանը։

Անդրադառնալով սարքերով արձանագրված տուգանքներին՝ հոդվածագիրը նշում է, որ 2014 թվականին տեսախցիկներով ու արագաչափերով արձանագրված խախտումների համար հայաստանցի վարորդները բոլորը միասին վճարել են շուրջ 10 միլիարդ դրամ տուգանք։

«Շա՞տ է սա, թե քիչ։ Այս հարցին պատասխանելու համար կրկին դիմենք թվաբանության պարզ կանոններին։ 10 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեի մոտ 1 տոկոսն է։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ֆրանսիայում երթևեկության կանոնների խախտման համար տարեկան հավաքվում է մոտ 550 միլիոն դոլար։ Բայց Ֆրանսիայի բյուջեն 1․1 տրիլիոն դոլար է։ Այսինքն՝ երթևեկության կանոնների խախտման համար հավաքված տուգանքները կազմում են Ֆրանսիայի պետական բյուջեի միայն 0․05 տոկոսը։ Այլ կերպ ասած, մեր վարորդները վճարում են 20 անգամ ավելի շատ տուգանքներ, քան ֆրանսիացիները», ֊ գրում է Գևորգյանը։