ՀՀ Վարչական դատարանը մերժել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտաշես Սերգոյանի դեմ բերված ՀՀ ոստիկանության պահանջը, որով իրավապահները ցանկանում էին Սերգոյանին բողոքի ակցիայի մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերգոյանի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Թումանյանը։
Սերգոյանը 2014 թվականի հունվարի 28-ին Ազատության հրապարակում անցկացվող ՀՀ բանակի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ մոտեցել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի դիմաց փռված ուղեգորգին և որպես բողոքի նշան պաստառ պարզել, որով պահանջել է բանակում զոհված զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ գործերի օբյեկտիվ քննություն անցկացնել:
Այդ օրը Սերգոյանի հետ բերման են ենթարկվել նաև նույն ակցիայի մասնակիցներ ինժեներ Վարդգես Գասպարին և թատերագետ, հրապարակախոս Արա Նեդողյանը։ Նշենք, որ Նեդոլյանի գործով դատարանը ևս մերժել էր ոստիկանության հայցը։
Համաձայն ոստիկանության, իրավապահները պահանջել են նրանցից հեռանալ ուղեգորգից, իսկ նրանք չեն կատարել «օրինական պահանջը՝ խանգարելով անցկացվող միջոցառմանը»։
ՀՀ վարչական դատարանն իր վճռում արձանագրել է, որ բողոքի ակցիան վերաբերել է հանրությանը հուզող, մտահոգող խնդրի, այն է` զոհված զինծառայողների ծնողներին ՀՀ բանակի օրվան նվիրված միջոցառմանը հրավիրելու պահանջին, որի պարագայում «ազատ խոսքն օգտվում է ավելի լայն պաշտպանությունից»:
Դատարանը նաև վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի» գործը։ ՄԻԵԴ֊ը վճռել էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է խոշտանգման զոհ դարձած Լևոն Գուլյանի հիշատակին մոմավառության կազմակերպիչների խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը։