2012 թվականի նոյեմբերի 5-ին բանակում մահացած Սարգիս Սահակյանի իրավահաջորդները սպառել են ներպետական դատական ատյանները և դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանք պնդում են, որ իրենց որդին ինքնասպան չի եղել, այլ սպանվել է, ինչը հայաստանյան դատարաններն ապացուցված չեն համարել։
Սահակյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դատավճիռը, որով Սահակյանի մահը համարվել է ինքնասպանություն, նույնն է թողնվել վերաքննիչ դատարանում, իսկ Վճռաբեկ դատարանը մոտ մեկ ամիս առաջ իրենց բողոքը վարույթ չի ընդունել։
ՄԻԵԴ ուղղված դիմումով Շուշանյանը պահանջում է ճանաչել, որ գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13֊րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածները։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վճռով՝ Սահակյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր են ճանաչվել կրտսեր սերժանտներ Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը։ Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 4 տարի 6 ամիս և 5 տարի ժամկետներով։
Ըստ պաշտոնական վարկածի՝ Սարգիս Սահակյանը ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ զորամասում ծառայակիցները հայհոյել ու ստորացրել են նրան՝ «տուլիկը» միայնակ ուտելու համար:
Ինչպես դատավարության ընթացքում նշել են տուժող կողմի ներկայացուցիչները, փորձաքննությունները, սակայն, ցույց են տվել, որ զինծառայողի ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել նրա մատնահետքերը, մինչդեռ, ըստ պաշտոնական վարկածի, կրակոցը կատարվել է իրեն ամրակցված ինքնաձիգից: Մահացածի եղունգների տակ, հագուստի վրա չեն հայտնաբերվել վառոդի արգասիքներ: Ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել ո՛չ թքի, ո՛չ արյան հետքեր։ Գործով անցնող 6 վկաները դատական նիստերում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից: Նրանք սուտ ցուցմունք գրելը հիմնավորել են նրանով, որ իրենց նկատմամբ բռնություններ են կիրառվել ռազմական ոստիկանությունում, նրանց մինչև մեկ ամիս անազատության մեջ են պահել։