Սյունիքի մարզի անտառները վտանգված են, այնտեղ մեծ թվով ապօրինի ծառահատումներ են իրականացնում։ Այս մասին տեղեկացնում է «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը։
Նախաձեռնության ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին այլցելել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածք, որտեղ լուսանկարել ու տեսանկարահանել են բազմաթիվ հատված ծառեր, էլեկտրական սղոցներ, հատված ծառերով բարձված առանց պետհամարանիշների մեքենաներ։
«Ակնհայտ է, որ սա կազմակերպված և վերևներից հովանավորվող գործընթաց է, որի տարբեր օղակներն իրար հետ համագործակցելով կամաց-կամաց ոչնչացնում են Հայաստանի առանց այն էլ սակավաթիվ անտառները՝ տուրք տալով իրենց գումար աշխատելու մոլուցքին։
Հարց է առաջանում, թե ինչով են զբաղված անտառների պահպանության համար պատասխանատու պետական լիազոր մարմինները՝ հատկապես «Հայանտառը», որի ղեկավարությունը, մեր կարծիքով, ցուցաբերում է հանցավոր անտարբերություն։ Վաղուց է անհրաժեշտ այս ոլորտում իրականացնել լուրջ համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում 50-100 տարի հետո մենք հնարավոր է վերջին հրաժեշտը տանք մեր անտառներին», ֊ ասված է ՀԲՃ֊ի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսանյութը և լուսանկարը՝ ՀԲՃ֊ի