«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուրի Փոստանջյանը փորձել է ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը անդրադառնալով Փոստանջյանի սեպտեմբերի 18-ին ԱԺ-ում ունեցած ելույթին:
Հիշեցնենք, որ այդ օրվա ելույթում Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ «Ժառանգությունը» դեմ է սահմանադրական փոփոխություններին, որի նպատակը կուսակցապետության ստեղծումն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նա կոչ է արել դուրս գալ այս գործընթացի դեմ և տապալել և՛ այդ գործընթացը, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Հանրապետական կուսակցությունը: «Պետք է անցնենք ոչ միայն Մելիք Ադամյան փողոցով, պետք է անցնեք Նալբանդյան փողոցով, քանդենք այնտեղի Բաստիլը՝ ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ, պետք է հիմնադրենք մեր ազատ, անկախ Հայաստանը»,- ասել էր Փոստանջյանը:
ԱԱԾ-ն պատգամավորին կոչ է անում «հաշվի նստել այն պարզ ճշմարտության հետ, որ ԱԱԾ-ն «КГБ» և «НКВД» չի և որ այստեղ ծառայել ու ծառայում են բազմաթիվ նվիրյալ հայորդիներ, ովքեր հակառակորդի ահագնացող թշնամական վարքագծի պայմաններում ամենօրյա ծանր աշխատանքով ապահովում են այդ թվում տիկին Փոստանջյանի անվտանգությունը»:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զարուհի Փոստանջյանն ԱԱԾ հաղորդագրությունն իրեն ուղղված սպառնալիք է համարում: Azatutyun.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ եթե «մենք ապրեինք իրավական երկրում, պատասխանատվության կենթարկվեր հենց այդ հայտարարության հեղինակը»:
«Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն արդեն ոչ միայն ընդհատակյա է փորձում մարդկանց ահաբեկել: Եթե իրենք ԿԳԲ-ի և ՆԿՎԴ-ի իրավահաջորդը չլինեին, չէին տոնի ԱԱԾ հիմնադրման 95֊ամյակը: Դա դրված է իրենց կայքում: Ես որևէ կերպ իրենց չեմ զրպարտել: Իրենք ինչ-որ տեղ անկեղծ են՝ նշելով, որ հեղափոխական իրավիճակից վախենում են, և որ կան շինություններ, որոնք Բաստիլ են, որոնց քանդելն իրենց համար սպառնալիք է»,- ասել է Փոստանջյանը: