Home / Հայաստան / Human Rights Watch-ը դատապարտում է Սմբատ Հակոբյանին ծեծելու փաստը

Human Rights Watch-ը դատապարտում է Սմբատ Հակոբյանին ծեծելու փաստը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է սեպտեմբերի 21֊ին Երևանի կենտրոնում «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության վարչության անդամ Սմբատ Հակոբյանին դաժան ծեծի ենթարկելու փաստը։

«Ոչ մի խաղաղ ցուցարար չպետք է վախենա դաժան ծեծից միայն իր կարծիքն արտահայտելու համար»,֊ ասել է կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը՝ հավելելով, որ Սմբատ Հակոբյանի դեմ «սարսափելի հարձակման հետաքննությունն իրապես կցուցադրի՝ Հայաստանի կառավարությունը որքան լուրջ է վերաբերվում ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքների վերաբերյալ իր հանձնառությանը»։

Human Rights Watch֊ի պաշտոնական հայտարարության համաձայն, կազմակերպությունը հեռախոսազրույց է ունեցել ծեծից հետո Հակոբյանին օգնության հասած ակտիվիստներից մեկի հետ։ Նրա խոսքով` ազատամարտիկն իրեն պատմել է, թե ինչպես են ՀՀ Անկախության օրվան նվիրված իրենց հակակառավարական երթից անմիջապես հետո հինգ անծանոթ տղամարդիկ իրեն քարշ տվել ինչ֊որ պարսպապատ շինհրապարակ ու դաժանորեն ծեծի ենթարկել։

Հայաստանը մասնակից է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ունի հստակ պարտավորություններ ոչ միայն հարգելու ազատ հավաքների իրավունքը, այլև ապահովելու այդ իրավունքից օգտվող անձանց անվտանգությունն ու պաշտպանելու նրանց այլոց կողմից ապօրինի միջամտությունից, նշված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

«Հայաստանի ժողովրդին չպետք է սպառնա ծանր վնասվածքներ ստանալու վտանգը խաղաղ բողոքի ակցիաների մասնակցելու համար։ Կառավարությունը պետք է ցույց տա, որ խաղաղ ցուցարարների գործողություններին խոչընդոտողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,֊ ասել է Դենբերը։