Երեկ Երևանի դատախազության որոշմամբ ՀՀԿ֊ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից կատարված վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Թերթը հիշեցնում է, որ Արթուր Ավագյանը օգոստոսի 23-ին իր եղբոր՝ Կարեն Ավագյանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին։ Վրաերթից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր, քանի որ տուժողը բողոք չէր ներկայացրել։
Մի քանի օր առաջ, սակայն, Էդգար Սնխչյանը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումով բողոքարկել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև նշել, թե կասկածներ ունի, որ վրաերթի ենթարկելու պահին ավտոմեքենայի ղեկին եղել է հենց Կարեն Ավագյանը։ «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում Սնխչյանը նշել է, որ ավելի վաղ չէր բողոքել, քանի որ ՀՀԿ֊ականը խոստացել էր հոգալ իր բուժման ծախսերը, բայց խոստումը չէր կատարել։ Թերթը նշում է, որ համաձայն Կարեն Ավագյանի, տուժածն իրեն շանտաժի է ենթարկում։