Home / Հայաստան / Տավուշի մարզում երեք բնակիչ է զոհվել. ՀՀ ՊՆ-ն սպառնում է «համարժեք գործողությունների» դիմել

Տավուշի մարզում երեք բնակիչ է զոհվել. ՀՀ ՊՆ-ն սպառնում է «համարժեք գործողությունների» դիմել

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր, գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղում՝ իրենց տան մեջ զոհվել են գյուղի 40-ամյա բնակիչ Սոնա  Ռևազյանը և 90-ամյա Շուշան Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի Պառավաքարում զոhվել է 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Բերդավանի ռմբակոծությունից վնասվել է նոր նորոգված մշակույթի տունը, գյուղի առանձնատներ:

Կայքը նշում է, որ 4 արկ ընկել է  Նոյեմբերյան քաղաքում, այդտեղից տարհանվել են մանկահասակ երեխաները:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաներձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – դեպքերի առնչությամբ հայտարարել է ՀՀ ՊՆ-ն: