Այս տարվա սեպտեմբերի սկզբներին Ադրբեջանի հրետակոծություններից տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները մինչ օրս խոստացված փոխհատուցումը չեն ստացել։ Այս մասին բնակիչներից մի քանիսը հայտնել են «Ժողովուրդ» օրաթերթին։
«Ավելին՝ այս օրերին սահմանամերձ համայնքների գյուղապետները այցելում են իրենց համագյուղացիների տները և նրանց հորդորում են կրած վնասների չափերը փոքր գրել», ֊ նշում է «Ժողովուրդ»֊ը։
Թերթի թղթակիցը զրուցել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանի հետ, ով վստահեցրել է, որ մինչև սեպտեմբերի վերջ վնասների չափերի հաշվարկները կուղարկվեն Կառավարություն։
«Հանձնաժողովը վնասները հաշվարկելու համար մի քանի անգամ գնացել է համայնքները։ Իրենք են ուշացնում։ Իսկ գյուղապետերը հորդորում են բնակիչներին, որպեսզի հին վնասվածությունները չգրեն։ Միայն գրեն կոնկրետ այդ օրերին կրած վնասները», ֊ ասել է Բադալյանը՝ հույս հայտնելով, որ հոկտեմբերին բնակիչների կրած վնասները կփոխհատուցվեն։