Կատերինա Պրոկոֆևայի՝ «Էխո Կավկազա» կայքում հրապարակված «Ձեռքբերովի անօգնականություն» հոդվածը՝ թարգմանաբար․
֊ Հայ֊ադրբեջանական սահմանին հերթական սրումը տեղի ունեցավ [Ադրբեջանի և Հայաստանի] ԱԳՆ ղեկավարների միջև Նյու Յորքում հանդիպման նախաշեմին։ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես միշտ, դատապարտեցին՝ հրաժարվելով նույնիսկ պարզել սրման նախաձեռնողին։ «Մենք դեռևս չենք կարող հստակ սահմանել՝ բռնությունն ինչպես է ծագել, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։ Հետևաբար, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները։ Մենք շարունակելու ենք բարձր մակարդակով աշխատանքը կողմերի հետ` լարվածությունը թուլացնելու և հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»,- ասված էր նրանց հայտարարության մեջ:
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը նույնպես որևէ նոր բան միմյանց չասացին՝ ավանդաբար սահմանափակվելով փոխադարձ մեղադրանքներով։
Մինչդեռ, սրումը կարելի է աննախադեպ անվանել․ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, որ նման գնդակոծություններ 1992֊ից ի վեր չեն հիշում։ Իրավիճակը քննարկել ենք հայաստանցի քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի և ադրբեջանցի լրագրող Ռահիմ Հաջիևի հետ։
Ռուբեն Մեհրաբյանը կարծում է՝ սահմանին տեղի ունեցողի նկատմամբ վերահսկողության իրական մեխանիզմներ չկան, սակայն դրանք կարելի է ստեծել։
Ռուբեն Մեհրաբյան ֊ Սեպտեմբերի 24֊ին Ադրբեջանը հրետանու և ականանետների միջոցով գնդակոծեց հայաստանյան սահմանամերձ գյուղերը։ Սեպտեմբերի 25֊ին, երբ հրետակոծության ենթարկվեցին արդեն հայաստանյան ուժերի դիրքերը Լեռնային Ղարաբաղում, զոհվեց չորս զինծառայող։ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, ու արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահների միջև տարեվերջին կայանալիք հանդիպման վերաբերյալ։ Չափազանց բարդ է ասել՝ այս ամենն ինչի կհանգեցնի, քանի որ այժմ գործ ունենք լարվածության նոր մակարդակի հետ, ընդ որում՝ նախադեպը չունեցող այն առումով, որ զինադադարի ողջ ընթացքում 122 մմ հաուբից չէր կիրառվել, այն էլ՝ խաղաղ բնակչության դեմ։
Ի՞նչ կարող է անել Հայաստանը։ Հայաստանյան դիվանագիտությունը պետք է հանդես գա ավելի ակտիվ դիրքերից ու իր տեսակետը թելադրի շատ ավելի հստակ, քան արել էր մինչ օրս, քանի որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է։ Բանակն իր պարտավորություններն է կատարում․ քաղաքականության առումով, սակայն, լուրջ խնդիրներ ենք տեսնում։ Հայաստանը համաձայնել է վստահության, զինադադարի խախտումների կանխման, հնարավոր դեպքերի հետաքննության մեխանիզմների ձևավորման վերաբերյալ Մինսկի խմբի բոլոր առաջարկությունների հետ։ Նույնը չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Դա՝ առաջինը։
Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը երբեք նման սադրիչ գործողությունների չէր դիմի, եթե չունենար Մոսկվայի աջակցությունը։ Աջակցություն, առաջին հերթին, միլիարդավոր դոլարների զենքի մատակարարումների տեսքով, ինչն անում է մեր ֆորմալ ռազմավարական դաշնակիցն ու հայտարարում, որ դա միայն բիզնես է։ Ցավոք, նույնն է կրկնում նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Կարծում եմ՝ հայաստանյան կողմին անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի միջազգային հանրությունը ճնշում գործադրի ալիևյան Ադրբեջանի վրա՝ դրդելով երկրին իրականացնել այդ մեխանիզմները։
Կատերինա Պրոկոֆևա ֊ Մինսկի խմբի համանախագահներն ասացին, որ հետագա սրումն անթույլատրելի է ու առաջարկեցին այդ մեխանիզմները։ Կարո՞ղ եք դիվանագիտական լեզվից մարդկային թարգմանել, թե նրանք ինչպես են պատրաստվում դա կանխել, և արդյո՞ք Մինսկի խումբն այսօր ունի վերահսկողության որևէ իրական մեխանիզմներ։
Ռուբեն Մեհրաբյան ֊ Ներկա դրությամբ նման մեխանիզմներ չկան։ Դրանք գոյություն չունեն։ Այդ մեխանիզմները, սակայն, կարելի է ստեղծել ու ամրապնդել զինադադարի ռեժիմը։ Առաջին հերթին, դա դիպուկահարների, ծանր զենքի, հրետանու ու ականանետների դուրս բերումն է առաջնային գծից։ Երկրորդը՝ դա ԵԱՀԿ֊ի կողմից ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ՝ մշտապես իրականացվող մոնիտորինգն է սահմանի առավել խնդրահարույց հատվածներում, այդ թվում՝ հայ֊ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով։ Երրորդը՝ կողմերը պետք է պարտավորվեն որևէ միջադեպերի դեպքում ապահովել լիարժեք մատչելիություն դրանց հետաքննության համար, որպեսզի պարզ լինի՝ ով է նախաձեռնել տվյալ միջադեպը։ Այդ մասին պետք է խոսվի բացեիբաց, քանի որ արդեն առաջին անգամը չէ, երբ հենց Ալիևի ռեժիմի նախաձեռնությամբ տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության սրում, սակայն Մինսկի խմբի կողմից տեսնում ենք որոշակի հավասարություն այն առումով, որ նրանք երկու կողմերին էլ կոչ են անում ինչ֊որ բան անել կամ չանել, իսկ սրման իրական պատճառի մասին այդպես էլ չի խոսվում։
Իր տեսակետն է արտահայտել նաև ադրբեջանցի լրագրող, «Ազադլիգ» թերթի նախկին համախմբագիր Ռահիմ Հաջիևը։
Ռահիմ Հաջիև ֊ Ուշադրությունս գրավեց այն, որ մի քանի ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասաց՝ Հայաստանը պետք է ազատի բռնագրավված տարածքները, իսկ Ռուսաստանն այդ հայտարարությանը պատասխանեց, թե իբր նույնպես պատրաստվում է ակտիվ գործողություններ ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ակնհայտ է՝ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ, քանի որ այդ դեպքում Մոսկվան այլևս չի ունենա այդ երկրների վրա ճնշման ու ազդեցության լծակներ, ու, հետևաբար, կկորցնի հնարավորությունն իր վերահսկողության տակ պահել ողջ Հարավային Կովկասը։ Այնպես որ, կասկած չունեմ, որ հակամարտության սրման կրկին ձգտում է հենց Մոսկվան։ Ինքներդ գիտեք, որ Մոսկվան երկու կողմերին էլ հսկայական քանակությամբ՝ միլիարդավոր դոլարների, զենք է վաճառում․ ուստի, Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է այդ հակամարտության պահպանմամբ։
Անկեղծ ասած՝ Ռուսաստանից բացի, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան այսօր այդ գործընթացի վրա նախկինի պես լուրջ ազդեցություն չունեն։ Նրանք միայն հայտարարություններ են անում։ Անցած տարի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասաց՝ «կարծում ենք, որ Ռուսաստանը ներգրավված է»։ Հիշո՞ւմ եք, երբ օգոստոսին ադրբեջանական կողմից 20 զինվոր զոհվեց։ Հենց այդ ժամանակ Ուորլիքն առաջին անգամ այդ մասին բացեիբաց հայտարարեց։ Այսինքն՝ Ռուսաստանը դեռևս հսկայական ազդեցություն ունի։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Միացյալ Նահանգները ազդեցություն գործելու, հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություն չունեն։ Անձամբ ես կցանկանայի հասնել զինադադարի ռեժիմի պահպանման։ Դեռևս, ցավոք, նման հնարավորություններ չունենք։
Կատերինա Պրոկոֆևա ֊ Նալբանդյանի ու Մամեդյարովի միջև [նյույորքյան] բանակցությունները որևէ արդյունք չտվեցին, ու, ամենայն հավանականությամբ, Ալիևի ու Սարգսյանի հանդիպումն էլ ոչնչի չի բերի։
Ռահիմ Հաջիև ֊ Ձեր նշած ազգանուններն այսօր լուրջ ազդեցություն չունեն։ Նրանք որևէ հնարավորություններ չունեն։ Անկախ նրանից, թե նրանք քանի անգամ կհանդիպեն, ոչինչ չի փոխվում, քանի որ նրանք հիմնական խաղորդները չեն։
Կատերինա Պրոկոֆևա ֊ Deutsche Welle֊ն գրում է, որ Ռուսաստանը Ղարաբաղի տարածքով ուղի է փնտրում դեպի Սիրիա։
Ռահիմ Հաջիև ֊ Այո, Ղրիմին տիրանալուց և Ուկրաինայի արևելյան հատվածում յուրատեսակ Լեռնային Ղարաբաղ ստեղծելուց հետո, Ռուսաստանը, բնականաբար, ոգևորվել է, ու արդեն մեկ տարուց ավել է տեսնում ենք՝ Ռուսաստանում կայսերական հավակնությունները շատ ուժեղ են։ Հնչում են ահեղ հայտարարություններ մերձբալթյան և այլ երկրների մասին։ Ռուսաստանը, իհարկե, միշտ էլ կարծել է, որ Ադրբեջանն առաջնային նշանակությունի ունի Հարավային Կովկասում ազդեցությունը տարածելու համար, հետևաբար, վերջին շրջանում ռուսաստանյան մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ [այցելում են Ադրբեջան]։ Ի դեպ, Ադրբեջանի իշխանությունները Մոսկվայի հետ բավական լավ հարաբերություններ ունեն՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկու երկրներում էլ գործում են նմանատիպ ռեժիմներ, ինչը, բնականաբար, իր հետքն է թողնում որոշակի խնդիրների կարգավորման վրա։ Հատկանշական է նաև այն, որ Ռուսաստանը բացահայտորեն փորձում է միջամտել սիրիական հակամարտությանն ու իր ծանրակշիռ խոսքն ասել Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման հարցում։ Հետևաբար, Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ։ Այլ հարց է՝ արդյոք Սիրիա խցկվելուց հետո Ռուսաստանը կփորձի ներխուժել Աֆղանստան․ միանշանակ պատասխան այս հարցին չկա։ Ռուսաստանն արդեն վաղուց Ադրբեջանում ամրապնդվելու տարբերակներ է փնտրում։