Մի շարք ուժային և իրավապահ կառույցների ղեկավարների կանայք, ըստ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերի, անցած տարի տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ են ստացել՝ հիմնականում նվիրատվություն անանուն աղբյուրներից, գրում է azatutyun.am֊ը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի գործազուրկ կինն, օրինակ, անցած տարի 19 միլիոն դրամի՝ մոտ 40 հազար դոլարի նվեր է վերցրել բնամթերքի տեսքով և ճիշտ այդքանով էլ բնակարան գնել: 2013-ին հայտարարագրած շուրջ 23 միլիոն դրամ կարողությունը բարձրաստիճան պաշտոնյայի կինն անցած տարի հասցրել է 24.5 միլիոնի կամ ավելի քան 50 հազար դոլարի՝ չնշելով ինչպես:
Ինքը՝ ԱԱԾ-ի ղեկավարը ևս շոշափելի ունեցվածքի տեր է. թեև նրա ողջ տարվա աշխատավարձը չի հասնում 10 միլիոն դրամի, այդուհանդերձ, պաշտոնյան անցած տարում հարստացել է ավելի քան 10 միլիոնով՝ կարողությունը հասցնելով 38.5 միլիոն դրամի:
Անցած ողջ տարվա ընթացքում համեստ կարողությունը չի ավելացրել ոստիկանապետը. տարեկան մոտ 7 միլիոն դրամ աշխատավարձից բացի, Վլադիմիր Գասպարյանը ֆինանսական այլ մուտքեր չի հայտարարագրել՝ պահպանելով 2013 թվականին ունեցած 2000 դոլարն ու 2.5 միլիոն դրամը: Փոխարենը խոշոր գումարների հետ գործ ունի ոստիկանապետի կինը, որ տարեկան 3 միլիոն դրամ աշխատավարձով հասցրել է կուտակել 30 միլիոն դրամ, 18 հազար դոլար ու 24 հազար եվրո:
200 հազար դոլար էլ ունի Գևորգ Կոստանյանի կինը, ում տարեկան աշխատավարձը չի գերազանցում 3500 դոլարը: Ողջ կյանքը զբաղեցնելով միայն պետական պաշտոններ՝ 38-ամյա Կոստանյանն անցած տարվա դրությամբ ունի 82 միլիոն դրամ՝ ավելի քան 170 հազար դոլար, այն դեպքում, երբ տարեկան հազիվ 20 հազար դոլար աշխատավարձ է ստանում: Ընդ որում, սա դեռ առանց պաշտոնյաների հայտարարագրած մեքենաների ու բնակարանների, որոնք տարվա ընթացքում հաճախ վաճառվում ու գնվում են:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով, կոռուպցիոն ռիսկերի մասին մամուլի հրապարակումները արդեն իսկ բավական են, որ քրեական գործեր հարուցվեն։
«Գոնե մեկ դեպք, որ այո՛, ապօրինի հարստացման դեպքը դարձել է հանրային քննարկման առարկա և հանգեցրել է քրեական գործի հարուցման, ցավոք սրտի, չի եղել»,- շեշտում է նա։
Ինչպես Շուշան Դոյդյոյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից էլ դժգոհություն հայտնեցին, թե նախագահականում գործող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն ինքը կարող է հարցականի տակ դնել կոռուպցիոն ռիսկերը, նյութեր փոխանցել իրավապահներին՝ սեփական նախաձեռնությամբ, աշխատելու ցանկություն, սակայն, կենտրոնում չեն տեսնում։