Սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության շենքից գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանը դուրս է գրվել: Այս մասին News.am-ի թղթակցին ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Լյուդվիգ Հովհաննիսյանը երեկ երեկոյան գնացել է տուն: Նրա հետ ամեն ինչ կարգին է, քայլում, խոսում է», – ասել է բժիշկը:
Հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):