ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր, տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Համաձայն հաղորդագրության հեղինակների, պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը, ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու համար:
ԲՈՀ-ը, ելնելով փորձաքննության արդյունքից, աշխատանքն ուղարկել է կրկնական քննարկման: Այնուհետև Ամալյա Սարիբեկյանը 2-րդ անգամ տնտեսագիտության մասնագիտական խորհրդում պաշտպանել է նույն թեմայով իր ատենախոսությունը, և Մասնագիտական խորհուրդը նրան կրկին շնորհել է գիտական աստիճան և, ըստ ընթացակարգի, աշխատանքն ուղարկել ԲՈՀ:
Սակայն ԲՈՀ-ը, երկրորդ անգամ հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, ընդհանրապես բեկանել է մասնագիտական խորհրդի որոշումը:
«Օմբուդսմենի (Կարեն Անդրեասյան) ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԲՈՀ-ն ատենախոսության կրկնական քննարկման և բեկանման որոշումները կայացնելիս հիմնվել է փորձաքննության արդյունքների վրա այն դեպքում, երբ չունի որևէ սահմանված կարգ գիտական աստիճանների շնորհման գործընթացում: Այսինքն, փորձաքննության ուղարկելու գործընթացում չկան իրավական հիմնավորումներ. մասնավորապես՝ քանի անգամ նույն աշխատանքը կարելի է տալ փորձագետի փորձաքննությանը, քանի անգամ կարելի է փոփոխել ատենախոսության վերաբերյալ դիտողությունների կազմը և բովանդակությունը, որ դեպքերում և ինչ պայմաններում կարելի է նախատեսել կրկնակի և ավել փորձաքննություն, ինչպես և ինչ սկզբունքով պետք է անցկացվեն կրկնակի և ավել փորձաքննությունները, ինչպես նաև հստակեցված չեն բեկանման ընթացակարգերը:
Հաշվի առնելով, որ վերոնշյալ գործընթացների կանոնակարգված չլինելու, իրավական որոշակիության բացակայության և ԲՈՀ-ի նախագահի կամայականության պայմաններում է ԲՈՀ-ը մերժել Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի տրամադրումը` Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:
Օմբուդսմենը Կրթության և գիտության նախարարությանն առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին և կանոնակարգել ոլոլրտում առկա բացթողումները, որպեսզի այսուհետ բացառվեն ԲՈՀ-ի հայեցողական որոշումները, քանի որ նման որոշումների ընդունումն իր մեջ ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր ու դրսևորումներ», ֊ նշում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ավելի վաղ Epress.am֊ը գրել էր ԲՈՀ֊ի հետ կապված նմանատիպ խնդրի մասին․ Հանձնաժողովը հրաժարվել էր դոկտորի աստիճան շնորհել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին։