Հոդված՝ Ղարաբաղյան խաղաղապահների մասին լեգենդը
Հեղինակ՝ Վադիմ Դուբնով
Աղբյուր՝ www.ekhokavkaza.com
Հանկարծահաս պատերազմի թեման միշտ տոն է դավադրության տեսաբանների համար։ Հատկապես, այստեղ և հիմա՝ Կովկասում, որտեղ, ինչպես բոլորին հայտնի է, հատվում են բոլոր աշխարհաքաղաքական հետագծերը։ Հետևաբար, իրավիճակի սրումը Ղարաբաղում, իհարկե, պատահական չէ։ Ռուսաստանի կողմից հերթական ճակատի բացումը քննարկվում է ամենուր, իսկ այն, ինչ ամենուր է, գրեթե ճիշտ է։
Ճիշտ է համարվում հետևյալը՝ Մոսկվան հրահրում է հակամարտությունը Ղարաբաղում և ցանկանում է վերահսկողություն պահպանել երկու կողմերի նկատմամբ։ Այդ նպատակով ոչինչ ավելի տեխնոլոգիական, քան անավարտ պատերազմն է, չի հորինվել։ Այդպես է եղել միշտ, սակայն պատերազմի ու խաղաղության մենաշնորհն այստեղ Մոսկվային երբեք չի պատկանել այնքան, որքան, օրինակ, Աբխազիայում կամ Հարավային Օսիայում։ Իսկ այժմ [Մոսկվան] որոշել է ստանձնել այդ [մենաշնորհը], վտարել ամերիկացիներին, ամեն ինչ կարգավորել սեփական ուժերով՝ ինչպես հարիր է ծնկներից բարձրացած գերտերությանը։ Եվ ապոթեոզ՝ խաղաղարարներ, որոնք շուտով կմտնեն Ղարաբաղ։ Ու կդառնան, ինչպես հետևում է նույն Աբխազիայի կամ Մերձդնեստրի օրինակից, Կրեմլի իմաստուն ղեկավարության ներքո հակամարտության հավերժ պահպանման խորհրդանիշ։
Փաստերն ասես հատուկ ընկնում են իրենց համապատասխան տեղերը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [Նյու Յորքում անցկացվող] նստաշրջանին զուգընթաց՝ Հայաստանում ծավալվում են հսկայածավալ խաղաղարար զորավարժություններ, որոնց բնութագիրը համապատասխանում է թե՛ Դոնբասին, թե՛ Ղարաբաղին, ինչը, բնականաբար, նույնպես պատահական չէ․ հակամարտության կողմերի բաժանում, զինադադարի ռեժիմի իրականացում, մարդասիրական շարասյան ուղեկցում։ Պատահական ընդհանրապես ոչինչ չկա, քանի որ հենց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է ՀԱՊԿ֊ի վերջին գագաթաժողովին առաջարկել հավաքական խաղաղարար ուժերի բազան տեղադրել իր ճակատային գծում։
Ամեն ինչ համընկնում է․ Լավրովը մեկնում է Բաքու, իսկ նրա ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովը պարբերաբար այցելում է Մոսկվա։ Խոսակցություններ կային, թե նրանք պատրաստվում են կարգավորման նոր նախագիծ առաջ քաշել․ լուրջ մարդիկ, սակայն, դրան չեն հավատում, իսկ քանի որ խոսելու այլ թեմա չկա, խոսում էին խաղաղարարների մասին։ Այնպես որ, Բաքուն իզուր չէ ջանասիրաբար վիճում Արևմուտքի հետ ու կալանավորում ընդդիմությանը։ Նշանակում է՝ Մոսկվայում գտել են մոտեցումները գործընկերոջ նկատմամբ․ իսկ որտե՞ղ կարելի էր դրանք գտնել, եթե ոչ Ղարաբաղում։ Հավերժ դաշնակից Երևանը, սակայն, հանդգնում է մերժել Մոսկվային ու չի տալիս Ղարաբաղի շուրջ տարածքները, և բոլոր ծրագրերը ձախողվում են։ Երկու կողմերը պահուստից հանում են ծանր հրետանին, իսկ Մոսկվային ոչինչ չի մնում, քան հանդես գալ վերջին զգուշացմամբ՝ խաղաղարարներ կամ պատերազմ, ինչը ձեռնտու չէ որևէ մեկին։ Խաղաղությունը կնքվում է, Բաքվում ու Երևանում չեն վիճում․ այո, այլ ելք չկա։
Այս սխեմայում ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը դրան պատրաստակամորեն հավատում են։
Ղարաբաղում ոչ առաջնային լինելու փաստը Մոսկվային իսկապես կտխրեցներ, եթե այստեղ գոյություն ունենային որևէ ռազմավարական հեռանկարներ։ Գոնե այնպիսիք, ինչպիսիք կան Աբխազիայում։ Անկասկած, Մոսկվային բացարձակապես չի խանգարում մխացող հակամարտությունն իր հատուկենտ սրացումներով, որոնցից հետո, ինչպես մեկ տարի առաջ, կարելի է ընդդիմադիր նախագահներին հրավիրել Սոչի ու հաշտեցնել՝ աշխարհին ցուցադրելով սեփական կարևորությունը։ Եվ, իհարկե, Կրեմլը երջանիկ կլիներ իր զինված քաղաքակիրթ մարդկանց տեղադրել աշխարհի ցանկացած կետում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Հանուն ինչի էլ, կարելի է ենթադրել, ծավալվել է մեծ աղմուկ՝ Stratfor֊ի աշխարհաքաղաքական մտքի ամերիկացի հսկաներին հղումներով։ Նրանք պարբերաբար հաղորդում են տարբեր սրտաճմլիկ լուրեր, օրինակ, Սիրիայում ռուսաստանյան ավիաբազաների մասին, ինչը կասկածելի պատրաստակամությամբ մեջբերվում է Ռուսաստանում։ Վատ համբավն ու բլեֆը բոլորի նյարդերը փչացնելու ցանկությունից զանազանելու անհնարինությունն արդեն մեկ տարուց ավել է ռուսաստանյան քաղաքական էքսպորտի ամենաշահավետ հոդվածն է։
Ըստ էության, սակայն, ամեն ինչ, կարծես, ճիշտ հակառակն է։
Ղարաբաղը վերջին թեման է, որի շուրջ Կրեմլը Վաշինգտոնի հետ կվիճի։ Ո՛չ մեկին, ո՛չ մյուսին իրական պատերազմն այստեղ բացարձակապես պետք չէ, հատկապես՝ հիմա։ Մոսկվան այստեղ ի՞նչ շահույթ ունի։ Ղարաբա՞ղը Ռուսաստանի կազմում, թե՞ Ադրբեջանը՝ ՀԱՊԿ֊ի։ Եվ հանուն այդ չափազանց կասկածելի բոնուսների՝ ճանապարհին կրկին գրավել Վրաստանը, ինչ֊որ պատասխան տալ Թուրքիային, վերջնականապես վիճել աշխարհի հետ՝ վտանգելով կորցնել նաև Հայաստանը։ Ու այս ամենն Իրանի մեծ վերադարձի ֆոնին։ Դրան այդ երկրի սահմաններին հսկայական պատերազմի ճանապարհով պատրաստվելու գաղափարը չէր ծագի նույնիսկ Կրեմլում, ինչ էլ՝ դրա մասին չասեն։
Ադրբեջանը կարող է Արևմուտքին դիմակազերծել տեքստերով, որոնք, ասես, գրվել են Մոսկվայում։ Դա, սակայն, չի նշանակում, որ այդ երկիրը պատրաստ է միանալ դրա համախոհների հավաքականին։ Ընդհակառակը, Բաքուն, հավատարիմ մնալով ժանրին, պարտավոր է սրել իրավիճակն ու անխուսափելիորեն բարձրացնել խաղադրույքները՝ չնայելով դեպի Արևմուտք և Արևելք։ Միայն նման ռեժիմով Բաքուն կարող է ստիպել ամբողջ աշխարհին համատեղ ողոքել իրեն։ Իսկ աշխարհը ստիպված Ադրբեջանին ինչ֊որ անհնարին բան խոստանալ։ Սա այն դեպքերից է, սակայն, երբ նպատակի անհնարինության պարագայում գլխավորը շարժումն է։
Մնացածը միանգամայն պարզ է։ Հայաստանը պարտքի տակ չի մնում, և դա, անկասկած, համաձայնեցված է մոսկովյան գործընկերների հետ, որոնց առաջնային գծում լարվածությունը դուրեկան է այնքանով, որքանով՝ վերահսկելի է, և ստեղծում է համագործակցության լայն շրջանակ նույն ամերիկացիների հետ։ Եվ այս դեպքում Մոսկվային չեն մտահոգում հրետանային մենամարտերը մինիմալ զոհերով, բայց մաքսիմալ հանրային նստվածքով։ Չէ՞ որ դա լավ ժամանակ է խաղարարների մասին խոսելու համար։ Նրանք, ինչպես խոստացվել էր, Հայաստանում, վերջիվերջո, կհայտնվեն։ Թեկուզ մի քանի օրով, բայց ինչպիսի՜ լեգենդով։