Home / Հայաստան / Ինֆորմացիայի ազատության «ոսկե բանալին» էժանացել է․ «Հրապարակ»

Ինֆորմացիայի ազատության «ոսկե բանալին» էժանացել է․ «Հրապարակ»

Շուշան Դոյդոյանի ղեկավարած «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» (ԻԱԿ) տարեց տարի ավելի շատ է մրցանակներ հանձնում պետական կառույցներին և ավելի քիչ՝ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներին։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթում գրում է լրագրող Սյուզան Սիմոնյանը։

Հոդվածագիրը նշում է, որ ԻԱԿ֊ն ամեն տարի մրցանակաբաշխություն է կազմակերպում, և լավ չինովնիկները բաց աշխատելու համար խրախուսվում են՝ ստանալով «Ոսկե բանալի», իսկ վատ աշխատած չինովնիկները՝ «Ժանգոտ կողպեք» մրցանակները։

Սեպտեմբերի 28-ին կազմակերպությունը հերթական մրցանակաբաշխությունն է կազմակերպել և ընդամենը մեկ «Ժանգոտ կողպեք» նվիրել՝ Արմավիրի քաղաքապետարանին։

«Իսկ բյուրոկրատական էլիտան «չաղ֊չաղ» «ոսկե բանալիներ» ստացավ։ Կառավարության աշխատակազմը պարգևատրվեց՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, որոնք կառավարության նիստերի օրերին երբեք չեն հայտնվում կառավարության շքամուտքի դիմաց՝ լրագրողների տեսադաշտում։ Առհասարակ, կառավարության աշխատակազմը խորամանկ և լրագրողներին ստորացնող համակարգ է ստեղծել, որի պարագայում նախարարներից ով ուզում է, կարողանում է ետնամուտքով բարեհաջող ծլկել նրանցից։ Բայց Վաչե Գաբրիելյանը Դոյդոյանի կազմակերպության սիրելի դեմքերից է, հաճախ ներկա է լինում նրա մրցանակաբաշխություններին։ Շուշան Դոյդոյանը պարգևատրեց նաև Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, որը, պարզվում է, «տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչն» է։ Ափսոս, որ ակտիվ լրատվությամբ զբաղվողներս չենք նկատել դա։ Դե արի ու մի մտածի, որ ԱՆ պաշտոնյային մրցանակ շնորհելով՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալոթւյան պետի պաշտոնին հավակնող Դոյդոյանն այս կառույցի հետ հարաբերություններ է հարթում։ «Ոսկե բանալիներ» ստացան նաև Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը, որը, որպես Աբովյանի քաղաքապետ, խայտառակ փակ էր աշխատում մամուլի հետ և այժմ էլ 100 օրից ավելի է, ինչ աշխատում է [մարզպետի պաշտոնում], բայց լրագրողների հետ «առերեսում» դեռ չի ունեցել։ «Ոսկե բանալու» մյուս հերոսը գյուղնախարարության կայքի պատասխանատու, փոխնախարար Արմեն Հարությունյանն է, որն իր կայքի բոլոր նյութերում «ճպպացրել» է շեֆի՝ նախարար Սերգո Կարապետյանի պատկերը։ Բանալու արժանցավ նաև «Ազատություն» ռադիոկայանը, որը, չնայած առաջնակարգ լրատվամիջոց է, բայց հայտնի է, որ ԱՄՆ պետական խողովակներից է ֆինանսավորվում, և տեղեկատվության համար պայքարն էլ նրա համար շատ ավելի հեշտ է իրականացնել, քան հայրենական ԶԼՄ֊ներին», ֊ գրում է Սիմոնյանը։

Հոդվածագիրն ընդգծում է, որ 2003 թվականին, երբ Դոյդոյանն առաջին անգամ անցկացրեց մրցանակաբաշխությունը, «բանալիներ» ստացան ընդդիմադիր լրագրող Հայկ Գևորգյանը, «Հետք» էլեկտրոնային կայքը, որը դեռ երկու տարեկան էր։ 2004-ին «Ժանգոտ կողպեք» մրցանակը ստացավ Երևանի քաղաքապետարանը, և «ոսկե բանալիներն» էլ այդքան չէին էժանացել․ դրանք, մասնավորապես, ստացան լրագրող Նաիրա Բուլղադարյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցի կազմակերպությունը։

«2008֊ին, հասարակական բուռն ընդվզման տարում, ընդամենը մեկ ԶԼՄ պարգևատրվեց՝ «Երկիր մեդիան»։ Ընդդիմադիր լրագրողների մասին այլևս խոսք չկար։ 2010֊ին արդեն ՀՀ կառավարությունը, Լիսկայի (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան) քաղաք Գորիսը, «վախվորած» Թի֊վի Հ2 են մրցանակներ ստանում և տեղեկատվության ու խոսքի ազատության էտալոններ համարվում…

…«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» նախընտրեց մամուլին աջակցելու փոխարեն իշխանական տարբեր դեմքերի հետ շփումներ ունենալ, և նրա արարողությանը սկսեցին ավելի ու ավելի շատ պաշտոնյաներ մասնակցել․ օֆշորային սկանդալի հերոս վարչապետ Տիգրան Սարգսյան, նրա կառավարության անդամ, այժմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, ով ճոխ խոսք ասաց ի նպաստ խոսքի ազատության։ 2014-ին էլ «ոսկե բանալիներ» ստացան պետական «գնդակի» տակ ապրող լրատվամիջոցները՝ Հանրային ռադիոն, «02»֊ը»։ Իսկ այս տարի արդեն 9 «ոսկե բանալի» հանձնեց Դոյդոյանը և մեկ «ժանգոտ կողպեք»՝ Արմավիրի խեղճուկրակ քաղաքապետարանին», ֊ նշում է Սիմոնյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում