հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Փոստանջյանը հասարակությունում կնոջ դերի բարձրացումը կապել է ռեժիմի հեռացման հետ

Փոստանջյանը հասարակությունում կնոջ դերի բարձրացումը կապել է ռեժիմի հեռացման հետ

Կանանց դերի բարձրացումը հատկապես դժվար է բռնապետական և կոռումպացված ռեժիմների պայմաններում, որոնք ձևավորվել են hետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, վստահ է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը նման կարծիք է հայտնել Նյու Յորքում «Արևելյան Եվրոպայի ապագան. կանանց կարգավիճակի բարելավում» թեմայով քննարկման ժամանակ հնչեցրած իր ելույթում:

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով Փոստանջյանի հետ միասին քննարկմանը մասնակցում էին նաև Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Շվեդիայից, Մոլդովայից և Ուկրաինայից պատգամավորներ, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նա ընդգծել է, որ նախկինում ԽՍՀՄ մաս կազմող ժողովուրդները 1990 թվականից որոշել են եվրոպական ուղով ընթանալ, ու, չնայած եվրոպական կառավարությունները շարունակում են ճանաչել այդ ժողովուրդների պետությունների ղեկավարներին, որոնցից շատերը իշխանությունը զավթել են կեղծիքներով, մարդիկ այդ երկրներում շարունակում են հավատալ, որ որոշ ժամանակ անց ազատ, անկախ ու միասնական լինելու մասին իրենց երազանքը իրականություն կդառնա:

Փոստանջյանն ասել է, որ եվրոպական կառույցները տարիներ շարունակ բարեկամական հարաբերություններ են ունեցել Միջին Արևելքի և հետխորհրդային տարածքի ավտորիտար ռեժիմների հետ, այդուհանդերձ նրանց չի հաջողվել ժողովրդավարություն տարածել տվյալ պետություններում՝ ի շահ այդ երկրների քաղաքացիների, հատկապես՝ կանանց:

ՀՀ ԱԺ պատագամավորի խոսքով՝ հասարակությունում կնոջ դերի բարձրացումը կարևորագույն խնդիր է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, և այդ խնդրի լուծմանը բարդ կլինի հասնել, եթե իշխանությունից չհեռացվեն բռնապետական ռեժիմները։

Վերևի լուսանկարում՝ Զարուհի Փոստանջյանն ու Մադլեն Օլբրայթը

Ստորև լուսանկարում՝ քննարկման մասնակիցները պահում են ՌԴ֊ում դատարանի առջև կանգնած ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյի նկարով պաստառներ։

Քննարկմանը մասնակցել է նաև Նադեժդա Սավչենկոյի քույրը

savchenkoposter1