Թուրքիայի Կրթության նախարարությունը խթանում է ուսումնական ծրագիր, որը կենտրոնացած է «թուրքականության» վրա՝ բազմազանություն խրախուսելու փոխարեն, ասված է «Փոքրամասնությունների իրավունքների միջազգային խումբ» ՀԿ֊ի և Թուրքիայի Պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համատեղ զեկույցի մեջ։
«Բազմազանության ու խաղաղության վերաբերյալ հիշատակումներ չկան ո՛չ Սահմանադրությունում, ո՛չ Ազգային կրթության սահմանադիր օրենքում։ Ընդհակառակը, դրանք թուրքականությունն ու աթաթուրքյան ոճի ազգայնականությունն ընդգծում են որպես իրենց հիմնարար նպատակ»,֊ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մարդու իրավունքների պաշտպան, ՀԿ֊ի համակարգող Նուրջան Քայան։
Ըստ բանախոսի՝ 1923֊24 թթ֊ին Թուրքիայում եղել է փոքրամասնությունների համար նախատեսված 139 դպրոց, 2014֊15 ուսումնական տարում, սակայն, գործել է դրանցից միայն 24֊ը՝ 16՝ հայկական, 6` հունական, 1՝ հրեական և 1՝ ասորական։ Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28֊ին, 40 տարվա անգործությունից հետո վերաբացվել է հունական Գյոքչեադա մասնավոր դպրոցը՝ տասը աշակերտներով՝ փոքրամասնությունների դպրոցների թիվը ներկայիս ուսումնական տարում հասցնելով 25֊ի։
Բացի դրանից, մի շարք խոչընդոտներից հետո քրդական դպրոց է բացվել Թուրքիայի՝ հիմնականում քրդաբնակ հարավարևելյան շրջանում։ Այս դպրոցները նպատակ ունեն կրթություն տրամադրել թե՛ թուրքերեն, թե՝ ուսանողների մայրենի լեզվով։ «Իրականում, մայրենի լեզվով կրթությունն արգելված է Սահմանադրության 42֊րդ հոդվածով»,֊ ասել է Քայան։ Նա հավելել է, որ փոքրամասնությունների դպրոցները «համարվում են դուրս ազգային ինքնությունից և անգամ՝ օտար, չնայած այն փաստին, որ այս մարդկանց նախնիները դարեր շարունակ եղել են Թուրքիայի ժողովրդագրության մասը»։
Զեկույցում նշված է, որ վերջին տարիներին, սակայն, «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք, ազգային ինքնությունը Թուրքիայում աթաթուրքյան ոճի աշխարհիկ ազգայնականությունից փոխվել է «թուրք իսլամականի»՝ մասնավորապես Սուննի Իսլամի ոճով։ Ի հավելումն, ԱԶԿ֊ի իշխանությունը հանգեցրել է իմամ հաթիփ (մահմեդական կրոնական կրթություն) դպրոցների կտրուկ աճի։
Հակասությունների թեմա է նաև կրոնական դասընթացների պարտադիր անցկացումը հանրային դպրոցներում։ Կրթության նախարարությունը պահանջում է՝ հանրային դպրոցների աշակերտները մասնակցեն Սուննի իսլամական ուղղվածությամբ կրոնական դասընթացների, որոնցից ազատված են միայն քրիստոնյա և հրեա ուսանողները։ Նախարարությունը, ըստ հեղինակների, հաշվի չի առնում ոչ հավատացյալներին ու մեծ թվով ալևի բնակչությանը, որոնք Շիա իսլամի հետևորդներ են։ «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» 2014֊ին հրապարակված զեկույցի համաձայն՝ ալևիները կազմում են Թուրքիայի բնակչության 25 տոկոսը։
«Փոքրամասնությունների դպրոցները խտրականության են բախվում ոչ միայն ուսումնական ծրագրի տեսքով, այլև՝ ֆինանսավորման հարցում։ Հայկական դպրոցները, օրինակ, կրթական համակարգում բավականին յուրօրինակ կարգավիճակ ունեն, քանի որ դրանք ո՛չ ամբողջովին մասնավոր են, ո՛չ՝ պետության կողմից ֆինանսավորվող։ Հայ աշակերտներն այս դպրոցներում իրենց կրթության համար վճարում են՝ ինչպես մասնավոր դպրոցներում։ Եթե, սակայն, ընտանիքն ի վիճակի չէ վճարել վարձը, աշակերտին կրթություն տրամադրելու հարցում չեն մերժում։ Հայկական դպրոցները կարող են նաև նվիրատվություններ ստանալ մասնավոր դոնորների կողմից»,֊ ասված է զեկույցի մեջ։
Հայկական դպրոցները երկու տեսակի ծառայողներ ունեն՝ նրանք, ովքեր աշխատավարձը ստանում են դպրոցից, և նրանք, ովքեր՝ ստանում են պետությունից։ Հայոց լեզու դասավանդող ուսուցիչը վարձատրվում է դպրոցի կողմից, իսկ թուրքերենի ուսուցիչն ստանում է պետծառայողի կարգավիճակ։ Եվ, ի վերջո, պատմության դասընթացի ուսումնական ծրագիրը վերահսկվում է Կրթության նախարարության կողմից, հետևաբար, հայերի դեմ թուրքական ազգային դասագրքերում առկա խտրական հռետորաբանությունը նույնպես դասավանդվում է հայ աշակերտներին։