«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված Տիգրան Խաչատրյանը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Խաչատրյանը գտնվում էր ՔԿՀ֊ի բուժմասում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն միջնորդել էր փոխել Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը, և այսօր հսկող դատախազը բավարարել է այդ միջնորդությունը:
ԶԼՄ֊ներում տարածված լուրերի համաձայն, նման միջնորդության համար հիմք էր հանդիսացել տուժող Հարություն Զաքարյանի կողմից ցուցմունքը փոխելը: Տուժողը նշել է, որ չի հիշում, թե կոնկրետ ով է հարվածել իր աչքին։
Մինչ այդ գործով անցնող մեկ այլ ամբաստանյալ Յուրիկ Մանուչարյանն առերեսման ժամանակ հայտարարել է, որ ինքն է հարվածել տուժած Հարություն Զաքարյանի աչքին: Վերջինս արդեն մի քանի վիրահատության է ենթարկվել, նա պնդում է, որ ամբողջությամբ կորցրել է ձախ աչքի տեսողությունը։
Հարություն Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը, Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է, որ որևէ խնդիր չի տեսնում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվի։
«Եթե քննությունը, փորձագիտական եզրակացությունները, վկաները ինքնախոստովանում են, ու Քննչական կոմիտեն ընդունում է, որ դա ճիշտ է, ինձ անհանգստացնող բան չկա։ Ամեն մեկը թող գնա, իր համար պատասխան տա։ Տիգրան Խաչատրյանը հրահրելու, կռիվը կազմակերպելու համար է, ինչի համար է, թե ինչ հոդվածով է դատվելու, թող դատվի։ Ինձ պետք է եղել իմանամ կոնկրետ իմ տղայի աչքին հարվածողը ով է եղել, որովհետև ամենածանր հարվածը դա է եղել»,- ասել է հայրը։
Դեպքից հետո ԶԼՄ֊ներում տարածված տեղեկատվության համաձայն, մայիսի 2-ի երեկոյան Տիգրան Խաչատրյանը Գորիսում մեքենա վարելիս վիճաբանել է զուգահեռ ընթացող մեքենայի ուղևորների՝ Զաքարյանի և նրա եղբոր հետ։ Երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները գնացել են նշված տարածք, որտեղ նրանց դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ․ եղբայրներին հայհոյել և ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով։
Տիգրան Խաչատրյանն արդեն երկրորդ անգամ է կալանավորվում հնչեղ քրեական գործերով, ապա ազատ արձակվում։ 2013 թվականին նա ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի տան բակում Ավետիք Բուդաղյանին սպանելու մեղադրանքով, սակայն քննչական մարմինը որոշել էր, որ Խաչատրյանն ինքնապաշտպանվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։