ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում նոր քրեական գործ է հարուցվել ինստիտուտի հրամանատարի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի դեմ: Այս մասին գրում է Pastinfo.am-ը:
Մարկոսյանի որդին՝ կուրսանտ Գնել Թևոսյանը, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող չորս կալանավորվածներից մեկն է: Համաձայն նոր հարուցված քրեական գործի՝ Մարկոսյանը, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, պարբերաբար հանձնարարել է իր ենթակա համապատասխան սպաներին որդուն՝ զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից: Այդ կերպ Թևոսյանը համածառայողների շրջանում արհեստականորեն ստացել է առավելություն, ինչով զինծառայողների շրջանում ստեղծվել է անհավասարության մթնոլորտ»,- ասված է սկզբնաղբյուր կայքում:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Զարմիկ Մարկոսյանն ու Գնել Թևոսյանը տարբեր ազգանուններ ունեն՝ իրենց ազգակցական կապը թաքցնելու համար:
Հիշեցնենք, որ Բարսեղյանի դին հայտնաբերել էին զորամասի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտի հոր խոսքով՝ որդուն դաժանաբար ծեծել են ու սպանել զորամասում իրենց «լավ զգացող», «թույլերին ճնշող տղաները»: