ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալի գործով երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում գործով վկա, ԱՄՆ 70-ամյա քաղաքացի Արփիկ Բալյանը ուշագրավ բացահայտում է արել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ցուցմունք տալով՝ գործով վկան ասել է, որ ճանաչել է մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին և նրա առաջարկով մեկնել է Կիպրոս, որ օգնի նրան ադամանդի հանքի շահագործման վերաբերյալ պայմանագրեր կնքել։ Այնտեղ հասկացել է, որ գործընթացին ներգրավված է ևս մեկ ընկերություն, որին առնչվող փաստաթղթերում տեսել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անձնագրերի պատճենները։ Վկան Սուքիասյանին հարցրել է, թե Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է այդ մասին, Սուքիասյանը պատասխանել է՝ ոչ։ Այն հարցին, թե ինչպես է անձնագրի պատճենը հայտնվել Սուքիասյանի մոտ, վերջինս պատասխանել է՝ Կճոյանի միջոցով, նա է բերել և իր, և վարչապետի անձնագրերի պատճենները։
Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի գործով մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է՝ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկ: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:
Ավելի վաղ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալմն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում: