Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին նահանգի Նուսայբին ավանում, որտեղ հինգշաբթվանից պարետային ժամ է սահմանված, ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների ու երկրի զինված ուժերի միջև բախումների հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել: Պարետային ժամը հայտարարվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին PKK-ի հարձակման հետևանքով ավանում մահացել է մեկ թուրք զինվոր, վիրավորվել՝ հինգը:
Թուրքական մամուլի հաղորդումների համաձայն, Նուսայբինի բնակիչ 24-ամյա Շահին Թուրանը հրազենային մահացու վիրավորում է ստացել ուրբաթ երեկոյան՝ քաղաքի Յենիթուրան թաղամասում: Մեկ այլ բնակիչ, 54-ամյա Ահմեթ Սյոնմեզն շաբաթ առավոտյան սպանվել է իր տան դիմաց՝ Ֆըրաթ թաղամասում:
Նուսայբինում մշտապես շարունակվող սուր բախումների հետևանքով վիրավորվել է ևս 4 խաղաղ բնակիչ, իսկ Ֆըրաթ թաղամասում, որտեղ իրավիճակն առավել լարված է, ուրբաթ երեկոյան ծանր հրազենային վնասվածք է ստացել ու հոսպիտալացվել մեկ զինծառայող:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ պարետային ժամի պատճառով Նուսայբինի բնակիչները զրկվել են սնունդ ու մաքուր ջուր ձեռք բերելու հնարավորությունից: Մարդինի նահանգապետի գրասենյակը, սակայն, շաբաթ օրը պարետային ժամի անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ից ի վեր ձեռնարկված հատուկ գործողությունների հետևանքով սպանվել է PKK-ի 9 զինյալ, ինչպես նաև՝ գրավվել կազմակերպության 54 դիրք: Նահանգապետը նաև հայտարարել է, որ երկուշաբթվանից պարետային ժամը չեղյալ է հայտարարվելու արձվարձաններում։
Բախումներ են նաև տեղի ունենաում Դիարբեքիր նահանգի Սիլվան քաղաքում, որտեղ ուրբաթ նույնպես պարետային ժամ է սահմանվել։ ԶԼՄ-ների համաձայն, PKK-ին կից գործող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» անդամները կրակ են բացել Սիլվանի Թեքել, Մեսքիթ, Քոնաք, Ֆերիդյուն թաղամասերում PKK-ի դիրքերն ու կառուցած բարիկադները քանդող թուրք ուժայինների ուղղությամբ: Այստեղ ուժայինների ու ահաբեկիչների միջև բախումները շարունակվում են մինչ օրս:
Կիրակի առավոտյան Դիարբեքիր-Սիլվան ավտոմայրուղու վրա վթարի է ենթարկվել Սիլվան ուժայիններ տեղափոխող ոստիկանական մեքենա, ինչի հետևանքով 28-ամյա ոստիկան Ադեմ Քելեշը մահացել է, ևս 7 ոստիկան և 3 խաղաղ բնակիչ՝ վիրավորվել:
Նշենք, որ Թուրքիայում PKK֊ի և կառավարական զորքերի միջև ակտիվ բախումները սկսել են հուլիսից։ Այդ ընթացքում երկու կողմերն էլ հարյուրավոր զոհեր են գրանցել։