Home / Հայաստան / «Լունապարկ»֊ում կարուսել է պոկվել․ վնասվածք է ստացել «Ա1+»֊ի տնօրենն ու նրա թոռնիկը

«Լունապարկ»֊ում կարուսել է պոկվել․ վնասվածք է ստացել «Ա1+»֊ի տնօրենն ու նրա թոռնիկը

Հոկտեմբերի 3-ին Երևանի կենտրոնում գտնվող «Լունապարկ»-ում «Ամերիկյան ոլորաններ» կոչվող կարուսելի պոկվելու հետևանքով վնասվածքներ են ստացել «Ա1+» հեռուստաընկերության տնօրենն ու նրա թոռնիկը: Այս մասին գրում է A1plus.am-ը:

«Վնասվածքներ ես էլ, թոռնիկս էլ ստացել ենք: Առաջին բուժօգնություն ստացվել է, բայց ոչ իրենց կողմից կազմակերպված։ Ես թոռնիկիս վերցրեցի, և գնացինք մեր ընտանեկան բժշկի մոտ, որը և ցույց տվեց առաջին օգնությունը: Մինչև հիմա էլ ես վատ եմ քայլում և ցավեր ունեմ մարմնի տարբեր մասերում»,- Մեսրոպ Մովսեսյանը:

Վերջինիս զայրացրել է դեպքի վերաբերյալ «Լունապարկի» տնօրեն Սուրեն Գուլինբարյանի հայտարարությունը, թե «նման բան չի եղել»: Մովսեսյանը հորդորել է մարդկանց հեռու մնալ «Լունապարկից»։

«Արդյո՞ք դեպքի օրը «Լունապարկի» ատրակցիոնները ենթարկվել են ստուգման և ինչո՞ւ են շահագործվում ոչ սարքին ատրակցիոններ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը: Այս հարցերի պատասխանն ստանալու համար այգի գնացած մեր նկարահանող խմբին դիմավորեցին գոռգոռոցներով, հրմշտոցով։ «Լունապարկի» տնօրեն Գուլինբարյանը պնդում էր, որ իրենք ունեն տեսագրություն, որտեղ իբր երևում է, թե ինչ է տեղի ունեցել, ու իբր որևէ մեկը վնասվածք չի ստացել։ Քանի որ «Ա1+»-ը հրաժարվեց անջատել տեսախցիկը, տնօրենն այդպես էլ ցույց չտվեց տեսագրությունը։ Հերքելով հանդերձ՝ օրվա վերջում «Լունապարկի» տնօրինությունը պարզաբանում տարածեց, թե տեղի է ունեցել կարուսելի դետալներից մեկի խափանում: Այսպիսով՝ հաստատեց «Ա1+»-ի տեղեկատվությունը, որը առավոտվանից ջանում էր հավաստի չհամարել», ֊ գրում է կայքը: