Անցյալ շաբաթ կալանավորել են Ագրարային համալսարանի մի աշխատակցուհու, որի անունը գաղտնի է պահվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Իրավապահները նրա ձեռքերին հենց աշխատավայրում ձեռնաշղթաներ են անցկացրել և տարել։ Թերթի տեղեկություններով, նա Ագրարային համալսարանի հեռակա բաժնի աշխատակից է. բացահայտվել է, որ երրորդ կուրսի մի ուսանողի, որը բնակվում է Ռուսաստանում, կեղծ գնահատականներ են դրել, ձևակերպել, թե, իբր, նա հանձնում է բոլոր քննությունները։
«Իրականում, սակայն, ուսանողն անգամ ագրարայինի տեղը չգիտի և գնահատականներ ստանալու համար գումար է տվել բուհի աշխատողներին։ Թե քանի դասախոս է օգտվել այս կաշառքից, հավանաբար, կպարզեն իրավապահները։
Մեր տեղեկություններով, ռեկտոր Արշալույս Թարվերդյանը (լուսանկարում) արդեն ժողով է հրավիրել և քննարկել միջադեպը։ Նա ցուցումներ է տվել իր կոլեկտիվին, թե ինչպես պատասխանեն քննիչների հարցերին։ Կատարվածի շուրջ համալսարանում լռություն են պահպանում։ Չեն հայտնում անգամ կալանավորված կնոջ անունը, ինչը կարող է նշանակել, որ իրավապահների հետ ստվերային պայմանավորվածությունների հույս ունեն», ֊ գրում է թերթը։
Գործը քննում է ԱԱԾ֊ն, որի մամուլի կենտրոնից թերթին հայտնել են, որ կաշառքի մեղադրանքով հուլիսին կալանավորվել է Ագրարայինի աշխատակիցներից մեկը, նոր գործ հարուցված չկա։
«Պետք է հասկանալ, որ վերջին կալանավորումը տեղի է ունեցել հենց այդ գործի շրջանակներում», ֊ նշում է «Հրապարակ»֊ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում