Թուրքահայ մտավորական, Ստամբուլում թուրքերեն ու հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Ստամբուլի դատախազությունը երեքշաբթի՝ հոկտեմբերի 6֊ին, ոստիկանության 9 ծառայողի ձերբակալելու հրաման է արձակել, հայտնում է թուրքական todayszaman.com կայքը։ Ոստիկաններն անցնում են պաշտոնական փաստաթղթերի կեղծման և ծրագրված սպանությանն օժանդակելու հոդվածներով։
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից՝ «Ակօս»֊ի խմբագրության դիմաց։ Վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Ավելի ուշ Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանությունը հրահրելու մեղադրանքով, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:
2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։
Սամասթի ցուցմունքը սկիզբ է դրել նոր հետաքննության, որի շրջանակում մինչ օրս ձերբակալվել ու հարցաքննվել են մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու պաշտոնյաներ։