Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության երկու ներկայացուցիչների հոկտեմբերի 7֊ին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Իրավապաշտպաններին նախ ձերբակալել են Բաքվի օդանավակայանում, այնուհետև՝ արտաքսել երկրից։ Amnesty International֊ը աշխատակիցների անունները չի հայտնում, սակայն նշում է՝ նրանք Վրաստանի քաղաքացիներ են։
«Amnesty International֊ն իշխանություններին տեղեկացրել էր նրանց այցի մասին, սակայն պատասխան այդպես էլ չէր ստացել»,֊ ասված է հաղորդագրության մեջ։
Իրավապաշտպան կազմակերպությունը տեղի ունեցածը որակել է որպես խոսքի ազատության լուրջ խախտում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
«Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ մութ գաղտնիքներ են փորձում թաքցնել արտաքին աշխարհից։ Իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցների արտաքսումը լրացնում է իրենց աշխատանքը կատարելու պատճառով թիրախավորված ու ձերբակալված լրագրողների, մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների տխուր ցուցակը»,֊ ասել է Amnesty International֊ի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրի ղեկավար Ջոն Դալուզենը։
Նշենք՝ հոկտեմբերի 7֊ին Եվրոպայի խորհուրդը հայտարարել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խումբը լքելու մասին։ Ըստ Եվրախորհրդի պաշտոնական հաղորդագրության՝ մարդու իրավունքների հարցերով Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման պատճառը երկրում իրավիճակի «կտրուկ վատթարացումն» է։
«Վերջին շրջանում ավելի մեծ թվով ակտիվիստներ են ձերբակալվում, ու Եվրախորհուրդը ստանում է հաղորդումներ կալանավայրերում անընդունելի պայմանների մասին»,֊ ասված է հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խումբը Բաքվում գործում է 2014 թվականի հոկտեմբերից։ Խմբի աշխատանքներին մասնակցում էին նաև Ադրբեջանի կառավարության, խորհրդարանի, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նպատակն էր խթանել երկխոսությունը Հարավային Կովկասի երկրների քաղաքացիական հասարակությունների ու կառավարությունների միջև։