2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պետք է քննարկվի նաև Հանրային հեռուստաընկերության միջոցների ավելացումը: Այսօր Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ Ազգային ժողովում նման առաջարկով է հանդես եկել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ Հանրայինը պետք է իրեն թույլ տա նկարահանող խումբ ուղարկել նաև միջազգային կառույցներ՝ այնտեղ հնչած հայաստանցի քաղաքական գործիչների ելույթները լուսաբանելու նպատակով:
ՀՀԿ֊ականը նշել է, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր տարաձայնություններ ունեն երկրի ներսում, միջազգային կառույցներում միասնական են ներկայանում:
«Տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ եղել եմ տարբեր խորհրդաժողովներում, և, փառք ու պատիվ բոլորին, երբ մենք Հայաստանի սահմանն անցնում ենք, կուսակցական պատկանելությունը երկրորդական է դառնում։ Ու տենց էլ պետք է լինի, մենք բոլորս Հայաստան աշխարհի զավակներն ենք ու այնտեղ բոլորն իրենց պարտականությունը կատարում են»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, սակայն, որ, մասնավորապես, ԵԽԽՎ֊ում հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները՝ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը միշտ չէ, որ կիսել են իշխանական պատգամավորների կարծիքը տարբեր հարցերի շուրջ և հնչեցրած ելույթներում քննադատել են գործող իշխանություններին։
2013 թվականին Զարուհի Փոստանջյանին հանել են ԵԽԽՎ֊ի հայաստանյան պատվիրակության կազմից՝ Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տրված՝ կազինոյում գումարներ վատնելու մասին հարցից հետո։
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից