Home / Հայաստան / ԵՄ-ն Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ կբանակցի. news.am

ԵՄ-ն Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ կբանակցի. news.am

ԵՄ Խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր և համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ։

Որոշումը կայացվել է հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում՝ արտգործնախարարների մակարդակով։ Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և համագործակցության դեպարտամենտի մամուլի ծառայության աշխատակից Վիրժինի Բատտու-Հենրիքսոնը։

Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը կփոխարինի ԵՄ և Հայաստանի միջև ներկայիս Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։

ԵՄ-ն նշում է, որ հավատարիմ է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում, որոնք Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Համաձայնագրի բնույթի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսված է մինչև տարեվերջ։