Թուրքիայի իրավապահ մարմինները պարզել են հոկտեմբերի 10֊ին Անկարայում երկու պայթյուններն իրականացրած մահապարտ ահաբեկիչների ինքնությունը։ Նրանցից մեկը՝ Յունուս Էմրե Ալագյոզը, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ էր և հուլիսի 20֊ին Սուրուչում 33 մարդու կյանք խլած հարձակումն իրականացրած մահապարտի՝ Շեյհ Ամդուրահման Ալագյոզի եղբայրը։
Երկրորդը մահապարտն Օմեր Դենիզ Դյունբարն էր, ում հայրն ասել է՝ որդին Սիրիա էր մեկնել 2013 թվականին, Թուրքիա վերադարձել՝ մեկ տարի հետո։ Ութ ամիս անց, սակայն, Դյունբարը կրկին մեկնել է Սիրիա։ Հոր խոսքով՝ ինքը ոստիկանությանը զգուշացրել էր որդու մասին, ասել՝ հնարավոր է նա հանցագործություններ կատարի։
«Որդուս դեմ բողոք էի ներկայացրել, ասել՝ բանտարկեն նրա։ Նրան, սակայն, բաց են թողել հարցաքննելուց հետո։ Ութ ամիս անց նա վերադարձավ Սիրիա»,- թուրքական «Ռադիկալ» պարբերականի հետ զրույցում ասել է տղամարդը։
Դյունբարի հայրը հավելել է, որ իշխանություններն իրենց չէին տեղեկացրել, որ որդին ահաբեկչությունն իրականացրած մահապարտներից մեկն է եղել։
Թուրքական ԶԼՄ֊ների հաղորդմամբ՝ երկու մահապարտները Անկարա են ժամանել երկու տարբեր մեքենաներով երկրի հարավարևելյան Գազիանթեփ նահանգից։ Մեքենաների սեփականատերերն ու երիտասարդներին վարձողը բերման են ենթարկվել Գազիանթեփում։
Նշենք, որ ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչները, այնուամենայնիվ, պնդում են, որ իշխանությունը մեղքի իր բաժինն ունի։ Ականատեսները պատմել են, որ պայթյունի օրը՝ Անկարայի կայարանի մոտ, որտեղ պետք է կայանար արհմիությունների և հասարակակն կազմակերպությունների հանրահավաքը, պատշաճ ոստիկանական հսկողություն չի եղել, շտապօգնության մեքենաները դեպքի վայր ուշ են ժամանել։