ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով Շուշան Դոյդոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով: Հրամանն արձակվել է հոկտեմբերի 9-ին, նշանակման մասին հայտարարվել է երեկ։
Դոյդոյանը 2011֊ին հիմնադրել է և մինչ օրս ղեկավարել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ ՀԿ֊ն 2003 թվականից կազմակերպում է «Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը. «ոսկե բանալիներ» են ստանում այն չինովնիկները և ԶԼՄ֊ները, ովքեր թափանցիկ և բաց են աշխատել, նպաստել են տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառմանը, իսկ «ժանգոտ կողպեքներ» ստանում են մամուլի ու հանրության հետ առավել փակ աշխատած չինովնիկները։ Դեռևս սեպտեմբերի 30-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակած հոդվածում լրագրող Սյուզան Սիմոնյանը նկատել էր, որ վերջին տարիներին «Ոսկե բանալի» մրցանակը սկսել են ստանալ իշխանամետ ԶԼՄ֊ներ և մեծ թվով չինովնիկներ, ովքեր աչքի չեն ընկնում թափանցիկ աշխատանքով, մինչդեռ մրցանակի հիմնադրման առաջին տարիներին «ոսկե բանալիներ» էին ստանում ընդդիմադիր լրատվամիջոցները։ Սիմոնյանն ընդգծել էր, որ Դոյդոյանն այս տարի «Ոսկե բանալի»֊ն շնորհել էր նաև ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին։
«Դե արի ու մի մտածի, որ ԱՆ պաշտոնյային մրցանակ շնորհելով՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալոթւյան պետի պաշտոնին հավակնող Դոյդոյանն այս կառույցի հետ հարաբերություններ է հարթում», ֊ գրել էր Սիմոնյանը։
Լուսանկարը՝ foi.am