ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիմք չի ընդունել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրությունը, ըստ որի՝ ինքն է խմբակցության նոր ղեկավարը, և դա կարող է զրկել խմբակցությանն անվճար հեռուստաեթերից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Այս պահին խմբակցությունում 4 պատգամավորներ կան՝ Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյանը։ Վերջին երկուսը «Ժառանգության» հետ փաստացի կապ չունեն։ Բայց որոշումներին իրավական ուժ տալու համար նրանցից մեկի մասնակցությունը պարտադիր է։ Թևան Պողոսյանը «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում հաստատել է, որ իրավական տեսանկյունից որոշումներ կայացնելու հարցում խնդիր է առաջացել։
«Հիմա մեզ մոտ ձևավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել։ Ինչ֊որ ժամանակ է պետք», ֊ ասել է Պողոսյանը։
Թերթը նշում է, որ եթե այս հարցը օրերս չլուծվի, ապա «Ժառանգությունը» սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի վերջին ամսում չի կարողանա օգտվել Հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում