Թուրքական զինված ուժերի ուղղաթիռը երկու անգամ` հոկտեմբերի 6-ին և 7-ին ներխուժել է Հայաստանի օդային տարածք, ինչն աննախադեպ իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին նշվում է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության մեջ։
ՀԱԿ֊ն ընդգծում է, որ հոկտեմբերի 6-ին «ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը»:
«Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան մարմինները` կառավարությունը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն հանդես չեն եկել դատապարտող հայտարարություններով: ՀՀ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ Հայաստանի օդային սահմանների խախտումները տեղի են ունենում նույն երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման, կոշտ հռետորաբանության պայմաններում: Այլ առիթներով արագ արձագանքող և նախազգուշացնող հայտարարություններով հանդես եկող ՀՀ ՊՆ ընդունել է այնպիսի կեցվածք, կարծես որևէ միջադեպ չի եղել: Սա մտահոգիչ դիքրոշումը է, հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ անգամ ներողություն կամ ափսոսանք չի հայտնել», ֊ նշում են հայտարարության հեղինակները:
Կոնգրեսն անդրադառնում է նաև սեպտեմբերին Հայաստան֊Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերին․
«Ինչպեսև սեպտեմբերյան օրերին, երբ գնդակոծվում էր Հայաստանի տարածքը Նոյեմբերյանի շրջանում՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի, այնպես էլ այսօր, Հայաստանի հանրությանը չեն տրամադրվում լիարժեք տեղեկություններ, թե արդյոք Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի և այսօր արդեն Թուրքիայի կողմից սահմանների խախտումների հարցը գործընկերների հետ հանդիպումներին, ՀԱՊԿ և ԵԱՀԿ շրջանակներում: Ավելի քան անհասկանալի է, երբ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիայի ակնհայտ հատկանիշներ ունեցող գործողությունը ՀՀ ԱԳՆ ներկայացնում է որպես հրադադարի խախտում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ անվտանգության կազմակերպություններից և ոչ մեկը հանդես չի եկել Ադրբեջանի և Թուրքիայի` ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունները դատապարտող, կամ առնվազն գնահատող հայտարարություններով: Նման իրավիճակը վկայություն է կա՛մ Հայաստանի դիվանագիտության անգործության, կա՛մ Հայաստանի այնաստիճան հեղինակազրկման, երբ գործընկերները անտեսում են ներկայացված բոլոր փաստերը:
Հայաստանի, ինչպես նաև գործընկեր երկրների ու անվտանգության միջազգային կազմակերպությունների լռությունը կարող է սխալ ազդակ ծառայել ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություն իրականացրած երկրների համար:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, որոնք ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, խախտում այդ երկրների ստանձնած պարտավորությունները և մտահոգություն հայտնում Հայաստանի իշխանությունների վախվորած և ոչ համարժեք արձագանքների կամ դրանց բացակայության կապակցությամբ»: