Հոկտեմբերի 17-ին Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի վարչական տարածքում՝ Եղեգիս գետի հարևանությամբ, «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչիները հարյուրավոր հատված ծառերի կոճղեր են տեսել:
ՀԿ֊ն նշում է, որ կայքում տեղադրած լուսանկարներից անգամ երևում է, որ հատվել են առողջ և երիտասարդ ծառեր:
«Հատված ծառերի կոճղերն այնքան շատ էին, որ հնարավոր չէր տեղում հաշվել դրանց քանակը: Նկարահանումների վայրում հայտնվեց ոստիկանական ավտոմեքենա: Ինչպես տեղում «ԷկոԼուրին» տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները, տարածքը, որտեղ իրականացվել են ծառահատումները, ունի առանձին սեփականատեր: Նրանց խոսքով՝ տարածքի սեփականատերն ինքն է տնկել այդ ծառերը հետագայում կտրելու և վաճառելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ օրենքի խախտում տեղի չի ունեցել», ֊ նշում է ՀԿ֊ն:
Դեպքին անդրադառնալով՝ «ԷկոԼուրը» հետևյալ հարցումն է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն․
֊ Արդյո՞ք անցկացվել է ստուգում զանգվածային ծառահատումների փաստի առթիվ, որպեսզի պարզվի` օրինական, թե անօրինական են Եղեգիս գետի ափին կատարված հատումները:
֊ Ու՞մ է պատկանում ծառահատումների տարածքը, համայնքի՞, թե՞ մասնավոր անձի:
– Եթե տարածքը պատկանում է մասնավոր անձի, ապա ե՞րբ են տնկվել ծառերը, մինչեւ տարածքի սեփականաշնորհո՞ւմը, թե՞ դրանից հետո: Հայտնի՞ է, թե ինչ տեսակի ծառեր են հատվել, արդյո՞ք դրանց մեջ կան ընկուզենիներ, որոնք արգելված է հատել անգամ մասնավոր տարածքում կամ այգում:
֊ Արդյո՞ք պարզվել է, թե ծառահատումների տարածքը գտնվում է Եղեգիս գետի պաշտպանիչ գոտում, թե ոչ: