Եթե հավատալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացվող թվերին, ապա կստացվի, որ Հայաստանն աշխարհում կարտոֆիլի ամենալուրջ բերքն է հավաքում։ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում կարտոֆիլի բերքատվության ցուցանիշներին է անդրադառնում տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։
Գյուղատնտեսության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե գյուղնախարար Սերգո Կարապետյանը Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը և հավաստիացել, որ «կարտոֆիլի բերքը բավական առատ է և բարձրորակ, ու գյուղացիները հեկտարից մոտ 600 ցենտներ բերք են ստանում»։ Հոդվածագիրն ընդգծում է, որ նախարարը, իհարկե, կշեռքը ձեռքին չի կշռում հեկտարից ստացված բերքը, և այդ թվերը նրան ասում են մարզպետարանից, մարզպետարաններում էլ այդ թվերը ստանում են գյուղապետարաններից, գյուղապետարաններն էլ թիվ է, որ կրակում են։
Գևորգյանը նշում է, որ 60 տոննա մեկ հեկտարից ցուցանիշն աննախադեպ է աշխարհում, քանի որ ոլորտի առաջատար համարվող Հոլանդիայում մեկ հեկտարից ստանում են մոտ 45 տոննա կարտոֆիլ, Գերմանիայում՝ 43 տոննա, Ֆրանսիայում՝ 42.5 տոննա։
«Մեզ համար ավելի ընկալելի, նույն տեխնոլոգիաները կիրառող Ռուսաստանում կարտոֆիլի մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.9 տոննա է, Ուկրաինայում 13.1 տոննա, Բելառուսում 21.2 տոննա», ֊ գրում է Գևորգյանը։
Հոդվածագիրը նշում է, որ սա առաջին նման դեպքը չէ․ մի քանի ամիս առաջ էլ Արմավիրի մարզում գյուղնախարարին փորձում էին համոզել, որ մեկ հեկտարից 90-100 տոննա լոլիկ են ստանում։
«Ստացան, թե չէ՝ այդ մասին այլևս հաղորդագրություն չտարածվեց։ Համեմատության համար՝ ԱՄՆ֊ում միջին բերքատվությունը 50-55 տոննա է», ֊ գրում է Հայկ Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում