ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու մասին հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ՝ նկատի ունենալով, որ նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմը (սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ): Այս մասին նշված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդգծելով, որ Զուրաբյանի գործողություններում ուղղակի դիտավորություն չի եղել, Դատախազությունը կարծիք է հայտնում, որ Զուրաբյանն ունեցել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահին և Վենետիկի հանձնաժողովի անդամներին վարկաբեկելու նպատակ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ ոստիկանությունում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու մասին, Զուրաբյանը չի ներկայացել ՀՀ ոստիկանություն, իր հայտարարության շուրջ բացատրություն չի տվել և այն հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, որը հիմք է տվել եզրակացնելու` նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Այսպիսով, Լևոն Զուրաբյանի հայտարարության առթիվ ՀՀ ոստիկանության նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ «սահմանադրական բարեփոխումների նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերի բացակայության և Զուրաբյանի արարքում կաշառք տալու և կաշառք ստանալու մասին սուտ մատնություն կատարելու հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։