ՀՀ իրավապահ մարմիններին շատ է հետաքրքրել ընդդիմադիր գործչի՝ եվրոպական պաշտոնյաներին կաշառելու մասին հայտարարությունը, մինչդեռ ժամանակին «նավթադոլարներն» ու Դավիթ Հարությունյանի անձը նրանց ուշադրությանը չարժանացան։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, Աժ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հրաժարվեց համագործակցել ոստիկանության հետ, և ներկա իրավիճակում դա միակ տրամաբանական որոշումն է։
Ոստիկանությունը խնդրում է Զուրաբյանին փաստեր տրամադրել՝ կապված պատգամավորի այն հայտարարության հետ, թե Վենետիկի հանձնաժողովի անդամները կաշառվել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից։ Զուրաբյանն իր պատասխանում բացատրել է, որ չի պատրաստվում համագործակցել մի կառույցի հետ, որը տեղեկատվություն ունենալու պարագայում կոծկել է Մարտի 1֊ի գործն ու մշտապես իշխանությունների պահապանի դերն է խաղացել։ Մարտի 1-ը, իհարկե, ցցուն օրինակ է, բայց կարելի է հիշել նաև, որ պաշտոնյաների կողմից կաշառք տալու/վերցնելու մեղադրանքների հարցում ոստիկանությունը մշտապես երկակի ստանդարտներ է կիրառել՝ կախված նրանից, թե ով է հնչեցնում հայտարարությունը, և ինչ փաստեր գոյություն ունեն։
Մասնավորապես, 2012 թվականին իրավապահ մարմինները չեն արձագանքել ԵԽԽՎ նախկին պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին համազեկուցող, շվեդ Գորան Լինդբլադի հայտարարությանը, ով Epress.am֊ի հետ զրույցում պատմել էր, որ ԵԽԽՎ֊ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ֊ական Դավիթ Հարությունյանն իրեն ճաշի է հրավիրել և խոստացել Երևանում VIP ընդունելություն կազմակերպել։
«Վեհաժողովի Խորհրդատվական մարմնում մենք քննարկում էինք «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի հետ կապված հարցերը: Այն նախատեսված էր անցկացնել Երևանում, և Վեհաժողովում հստակ կարծիք էր ձևավորվել (դա իմ անձնական կարծիքը չէր), որ Հայաստանը բավական ժողովրդավար չէ ֆորումն անցկացնելու համար: Հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո գրանցված սպանությունները չեն բացահայտվել: Ես դեմ քվեարկեցի Երևանի թեկնածությանը: Բերնում կայացած հանդիպման ժամանակ Հարությունյանն ինձ հրավիրեց լանչի: Գործընկերոջ համար լանչի ընթացքում վճարելու մեջ ոչ մի վատ բան չկա, դա նորմալ է: Բայց նա ինձ առաջարկեց կարծիքս փոխելու դեպքում Երևանում ապահովել VIP ընդունելություն և Ֆորումին ելույթ ունենալու հնարավորություն: Մի մեծ կաշառք չէր, ու ես դրանից չէի հարստանալու, բայց, այնուամենայնիվ, դա ինձ գնելու փորձ էր (!!!): Քաղաքական գործիչներին սովորաբար հեշտ է հաճոյանալ, կարևոր միջոցառումներին խոսելը նրանց համար միշտ գայթակղիչ է: Ես, իհարկե, մերժեցի», ֊ ասել էր Լինդբլադը։
Հայաստանի իրավապահ մարմիններին այդ հայտարարությունը, իհարկե, չհետաքրքրեց, հավանաբար, նրանք բավարարվեցին Հանրային հեռուստատեսությամբ հնչած Հարությունյանի բացատրությամբ, թե Լինդբլադն այդպես է ասում, քանի որ ադրբեջանական և թուրքական լոբբիի ներկայացուցիչ է։
Ադրբեջանական լոբբիի և կաշառքի թեման հայաստանցի իրավապահներին չհետաքրքրեց նաև անցյալ տարի։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե պատահական չի համարում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին ելույթներն ԱԺ֊ում հնչում են նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից առաջ։ Բաղդասարյանի խոսքով՝ որոշ ելույթներից «ալիևյան նավթադոլարների հոտ է գալիս»։
Նրա ելույթից մեկ օր առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձել էր ընթերցել, իր խոսքով, Սերժ Սարգսյանի ցմահ ազատազրկման դատավճիռը, սակայն նրա ելույթի սկզբում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովն անջատել էր խոսափողը։
Բաղդասարյանի հայտարարություններից հետո նրա հետ վիճաբանել էին Փոստանջյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հետագայում ԱԱԾ֊ից խնդրել էր պարզել, թե ովքեր են «նավթադոլարներից օգտվողները», սակայն ԱԱԾ֊ն Բաղդասարյանի հայտարարությունը ստուգելու համար քայլեր չէր ձեռնարկել, Բաղդասարյանն էլ ասել է, թե քաղաքական հայտարարություն էր արել։
Իրավապահ մարմինների՝ երկակի ստանդարտներ կիրառելու գործելաոճը վաղուց նորմ է դարձել․ այնպես որ, քաղաքական հայտարարություն արած, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող Զուրաբյանի պարագայում ոստիկանության կողմից այսօրվա իշխանությունների շահերից դուրս գործողության սպասելն ուղղակի անիմաստ է։
Արմեն Մ․