Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը, որով բավարարվել է «Հրապարակ» օրաթերթի և Ilur.am կայքի պահանջը, հիմք է տալիս գործը վերաբացելու և դատաքննությունն իրականացնելու ՍԴ֊ի որոշման մեջ արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ֊ի ղեկավար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով դատավարության ընթացքում ներկայացնում էր «Հրապարակ» օրաթերթը։ ՀՔԾ֊ն երկու ԶԼՄ֊ներից դատական կարգով պահանջում էր բացահայտել աղբյուրը, մինչդեռ ՍԴ֊ն վճռել է, որ իրավապահ մարմինը նման իրավունք չուներ։
Զեյնալյանի խոսքով՝ սա նշանակում է, որ այն փաստարկները, որոնք իրենք բերել են դատարանում, այլևս չեն կարող մերժվել դատարանների կողմից։
Անդրադառնալով գործին՝ Զեյնալյանն անհեթեթություն է համարել այն, որ ILur.am-ի դեպքում ՀՔԾ֊ն դատարան էր դիմել կայքի դեմ, որnж սուբյեկտ չի հանդիսանում։ Ըստ իրավապաշտպանի՝ Վերաքննիչ դատարանը պետք է կարճեր գործը, որովհետև, բացի լրագրողից, ոչ ոք չի տիրապետում աղբյուրին, մինչդեռ դատարանը խորհուրդ էր տալիս հակընդդեմ հայցով դիմել, ինչը, Զեյնալյանի խոսքով, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը (լուսանկարում) ՍԴ֊ի որոշումը կարևոր և նախադեպային է համարել, սակայն չի բացառել, որ այն կարող է որոշ դեպքերում անտեսվել։
«Չի կարելի բացառել, որ կլինեն անգրագետ քննիչներ, դատավորներ, որոնք կամ ծանոթ չեն լինի որոշմանը, կամ կանտեսեն։ Մյուս կողմից՝ հիմք կա հղում կատարելու ՍԴ֊ի որոշմանը, որպեսզի նման անհեթեթ պահանջներ լրատվամիջոցների դեմ այլևս չլինեն», ֊ ասել է Մելիքյանը։
Ինչ վերաբերում է տվյալ գործով գործընթացը շարունակելուն, Զեյնալյանը նշել է, որ իրավապաշտպանները պատրաստ են և հույս ունեն, որ իրենց վստահորդներից նման հրահանգ կստանան։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցները ուղղակի պարտավոր են պաշտպանել ոչ միայն իրենց իրավունքները, այլ նաև իրենց գործընկերների իրավունքները, որպեսզի վերջիններս հետագայում նման խնդրի առաջ չկանգնեն։
Նշենք՝ ՀՔԾ֊ն «Հրապարակ» օրաթերթից և Ilur.am կայքից պահանջել էր բացահայտել աղբյուրը՝ Շիրակի մարզի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին հրապարակման հետ կապված։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը։ ՍԴ֊ն, սակայն, սահմանել է, որ քրեական դատավարության օրենսգրքի 279֊րդ հոդվածը սխալ է կիրառվել։