Մասնագիտությամբ էներգետիկ Գևորգ Ներսեսյանն իր բնակարանում գազի ճնշման չափումների արդյունքում արձանագրել էր, որ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն հոկտեմբերի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում շատ ցածր ճնշմամբ գազ է մատակարարել սպառողներին՝ 0,76 կիլոպասկալ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ներսեսյանը ուսումնասիրել էր բնակիչներին առաջարկվող նոր պայմանագրի տեքստն ու պարզել, որ էական տարբերություններ կան հին եւ նոր պայմանագրի մեջ։ Նախկինում գործող պայմանագրի 2.2 կետի «բ» ենթակետով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարտավորված էր բնակարան մուտք գործող բնական գազի նվազագույն ճնշումը ապահովել 1,275 կՊա: Իսկ ահա հուլիսին վերակնքված պայմանագրում այս տեխնիկական նորմը արդեն գոյություն չունի:
Գևորգ Ներսեսյանի պնդումների վերաբերյալ թերթը գրավոր հարցում է արել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ֊ին։
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանում ասվում է, որ կառավարության կողմից 22 դեկտեմբերի 2005 թվականի N2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի համաձայն, ցածր ճնշման գազաբաշխիչ ցանցի ամենահեռավոր կետում՝ վերջին բաժանորդի մոտ, գազի կենցաղային սարքերից առաջ նվազագույն ճնշումը կարող է հավասար լինել 1,275 կՊա֊ի: «Գազպրոմ Արեմնիա» ՓԲԸ գազաբաշխիչ համակարգում գազի ճնշումը՝ կախված ցանցի խողովակների տրամագծերից, երկարություններից և ցանցի տարածվածությունից, կարող է տատանվել 1,275-2,942 կՊասկալի սահմաններում:
Ինչ վերաբերվում է Գևորգ Ներսեսյանի կողմից նշված հաշվիչի ելքում նվազագույն 0,76 կՊա ճնշման առկայությանը՝ «Գազպրոմ-Արմենիան» խնդրել է տրամադրել հասցեավորված հիմնավորումներ: Գևորգ Ներսեսյանը թերթին հայտնեց, որ ինքը չափումներ է արել Ավանի Չարենց 14 շենքի 40 բնակարանում, որտեղ ինքն է բնակվում:
«Հիմա՝ ամենակարևորը: «Գազպրոմ-Արմենիայից» նաեւ տեղեկացրին, որ նոր պայմանագրի օրինակելի ձևը հաստատել է ոչ թե ռուսական այս ընկերությունը, այլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հենց ՀԾԿՀ-ն է նոր, առաջին հայացքից իբր թե պարզեցված, իրականում՝ խճճված պայմանագրի հեղինակը:
Հիշեցնենք, որ պայմանագրի կետերից մեկում «Գազպրոմ-Արմենիան» իրավիճակն ավելի է խճճել: Մատակարարի պարտավորությունները հստակ շարադրելու փոխարեն, ընկերությունը հղում է կատարել «ԳՄՕԿ-ով (գազամատակարարման օգտագործման կանոններ) սահմանված կարգինևւ ժամկետներին»: Այսինքն՝ քաղաքացին պետք է նախ ուսումնասիրի ԳՄՕԿ-ը, որպեսզի գլուխ հանի իր կողմից կնքված պայմանագրի բովանդակությունից, ինչպես նաեւ այսպես ասած գործընկերոջ՝ սպառողի առաջ ունեցած պարտավորություններից:
Գևորգ Ներսեսյանը գնացել է պայմանագրի բովանդակության հետքերով և պարզել, որ ԳՄՕԿ-ում նույնպես մատակարարի պարտավորությունները հստակեցված չեն և այստեղ էլ հղում է արված բաժանորդի և մատակարարի միջեւ կնքված պայմանագրին: Ամփոփենք՝ պայմանագրում սպասարկման պայմանները հստակ նշելու փոխարեն հղում է անում ԳՄՕԿ-ին, ԳՄՕԿ-ում՝ պայմանագրին:
ԳՄՕԿ-ի 2.5 կետով սահմանված է. «Մատակարարը պարտավոր է առաքման կետում ապահովել Պայմանագրում նշված գազի որակական ցուցանիշները և գազի ճնշումը` ստանդարտներով սահմանված թույլատրելի տիրույթում»:
«Սա կաշառակերություն է, որի բոլոր թելերը տանում են հանձնաժողով, որը զբաղված է ոչ թե հանրային խնդիրները կարգավորելով, այլ՝ կառուպցիոն ռիսկերը մեծացնելով», – թերթի հետ զրույցում ՀԾԿՀ-ի գործողությունները մեկնաբանել է էներգետիկ Գեւորգ Ներսեսյանը:
«ՀԺ»֊ն փորձել է պայմանագիրը փոփոխությունների ենթարկելու պատճառները հիմնավորող պարզաբանում ստանալ ՀԾԿՀ-ից, սակայն այնտեղ ուղղված հեռախոսազանգերին պատասխանող չի եղել։