Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հաշվետվություն ներկայացնելով, ասել է, որ հակամրցակցային գործողությունների բազմաթիվ դեպքեր են եղել կրթական հաստատություններում սննդամթերքի ձեռքբերման ընթացակարգերում:
Այս հայտարարությունը զայրացրել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին․ «Ամբողջ երկրի տնտեսությունը խեղդված է մոնոպոլիաների մեջ, դուք մեզ հետ խոսում եք բուֆետների սննդից: Բենզինի, շաքարավազի, հացահատիկի, դեղորայքի․․․ դուք շարունակեք, էլ ո՞ր ոլորտում կա մոնոպոլիա: Ամբողջ աշխարհում բենզինի գներն ընկնում են, մեզ մոտ՝ բարձրանում: Դուք ասեք՝ այս ոլորտներում որևէ խախտում հայտնաբերե՞լ եք, կոնկրետ, խնդրում եմ»:
Շաբոյանը պատասխանել է, որ բենզին ներկրող երկու կազմակերպություն կա, ոչ թե մեկ, և հանձնաժողովը հետևում է՝ ինչպես են այդ երկու ընկերությունները գին որոշում: Դեղորայքի ոլորտին անդրադառնալով՝ չինովնիկը նկատել է, որ ներկրող ընկերություններում խախտումներ հայտնաբերվել են և խախտողները տուգանվել են:
«Այդ թվում նաև «Նատալի ֆարմը»»,- ասել է Շաբոյանը, թեև այդ ընկերության մասին հարց չէր բարձրացվել: Նշենք, որ «Նատալի ֆարմը» պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։
Լրագրողների հետ զրույցում Շաբոյանն արտասանել է իր կողմից մշտապես կրկնվող նախադասությունը․ «Չկան մենաշնորհներ, ուղղակի որոշ ընկերություններ ունեն գերիշխող դիրք։ Մենք նպատակ չունենք ճնշել խոշոր ընկերություններին, մեր նպատակը մրցակցության ապահովումն է»: