Ակնկալիքները, թե ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո Հայաստանի համար մեծ շուկա է բացվում, պրոֆեսիոնալ չէին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։
«Իրականությունից շատ հեռու մոտեցումներ էին, միայն քարոզչություն, որևէ իրական, հիմնավորված մոտեցում գոյություն չուներ։ ԵՏՄ անդամ երկրները տնտեսության կառուցվածքով շատ նման են միմյանց։ Դրանք հումք արտահանող երկրներ են և արտադրության առումով շատ պրիմիտիվ կառուցվածք ունեն՝ գյուղատնտեսական մթերքի արտադրություն, դրա առաջնային վերամշակում, որոշ երկրներում էլ, ասենք, Բելառուս, Ռուսաստան, կա որոշակի առաջին սպառման ապրանքների արտադրություն, որոնք այդքան բարդ արտադրություններ չեն։ Այս երկրները, ըստ էության, իրար հետ փոխանակելու շատ քիչ բան ունեն։ Պատահական չէ, որ այս երկրների՝ միմյանց միջև առևտրաշրջանառությունը կազմում է 8-9 տոկոս, մնացածը բաժին է ընկնում արտաքին աշխարհի երկրներին», ֊ նշել է տնտեսագետը։
Եղիազարյանի խոսքով՝ ստեղծված պայմաններում ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր ուզում է, որ շուկան մի փոքր ավելի մեծ լինի իր արտադրած ապրանքի իրացման համար, իսկ այդ պայմաններում բնական է, որ ԵՏՄ֊ն, առաջին հերթին, պիտի ծառայեր Ռուսաստանին։ Վերջինս արևմտյան երկրների հետ ունեցած խնդիրների և պատժամիջոցների հետևանքով հայտարարեց ինքնաբավության քաղաքականությունը, որի նպատակն է բավարարել սեփական կարիքները, առաջին հերթին, պարենային ապրանքների գծով։
«Էսպիսի պայմաններում հասկանալի է, որ Հայաստանի համար էլ այդ շուկան չի բացվում, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է իր արտադրողներին խրախուսելուն։ Միաժամանակ այստեղ մեկ այլ գործոն էլ սկսեց գործել՝ շուկան սկսեց փոքրանալ։ Հայտնվելով պատժամիջոցների տակ, մեկուսանալով՝ Ռուսաստանը խնդիրներ ունեցավ. նավթի գներն անկում ապրեցին, իսկ այդ երկիրը, ըստ էության, ապրում է նավթադոլարների հաշվին։ Երկիրը դարձավ ավելի քիչ վճարունակ, և այն ապրանքները, որոնք Հայաստանից արտահանվում էին, օրինակ, կոնյակը, ավելի քիչ է գնվելու։ Երբ, օրինակ, ասում ենք 170 միլիոնանոց շուկա, դա բնակչության թիվն է՝ 170 միլիոն։ Երբ տնտեսական ցուցանիշներով են խոսում, պետք է հասկանալ, այդ շուկան քանի միլիարդի Հայաստանից արտահանվող ապրանք կարող է կլանել։ Էդ իմաստով շուկան վերջին տարվա ընթացքում փոքրացավ։ Չհաշված, որ Հայաստանը խնդիրներ ունի տրանսպորտի, փոխադրումների հետ, չհաշված, որ հայաստանցիների առևտրային գործունեությունը դարձավ ռիսկային, քանի որ ռուբլին արժեզրկվեց, իսկ պայմանագրերը ռուսական կողմը ռուբլիով էր կնքում։ Հայ արտահանողներն այս իրավիճակում մեծ վնասներ էին կրում։ Այսինքն, բազմաթիվ պրոբլեմներ ի հայտ եկան Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ։ Ասեմ, որ դրանք կասկածելի չէին մինչև ԵՏՄ֊ի պայմանագրի կնքումը, սխալ կլինի։ Եթե լուրջ մոտենայինք, գիտականորեն մոտենայինք, հաշվի առնեինք մի շարք գործոններ, հաշվի առնեինք փոփոխվող արտաքին միջավայրը, պետք էր ակնկալել, որ մենք կանգնելու էինք այդ հիմնախնդիրների առաջ, ինչն էլ եղավ», ֊ նշել է Աշոտ Եղիազարյանը։
Լուսանկարում՝ ԵՏՄ անդամ-երկրների նախագահները