ԱԺ֊ն մերժել է օրակարգ մտցնել և քննարկել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նույնականացման քարտերով քվեարկություն թույլ տալու դեպքում վերահսկողություն սահմանել կրկնաքվեարկություններ թույլ չտալու համար։ Նախագիծը քննարկելու կողմ են եղել բոլոր խմբակցությունները, բացի ՀՀԿ֊ից։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ ՀՀԿ մեծամասնությունը, փաստորեն, խախտում է ընտրողների իրավունքները։
«Հարգելի մեծամասնություն, գիտենք, որ կանցկացնեք (Սահմանադրական փոփոխություների նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու դեկտեմբերի 6-ին․֊խմբ), բայց սա անընդունելի է, դուք ուզում եք ի սկզբանե հայտարարենք, որ հանրաքվեն կեղծիքով է անցնելու»,֊ ասել է Բիշարյանը։
Նա նկատել է, որ եթե նույնականացման քարտերով քվեարկողների համար կնիքը պարտադիր չէ, իսկ անձնագրերով քվեարկողների համար՝ պարտադիր է, անհավասար պայմաններ են ստեղծվում ընտրողների համար։
«176 հազար քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ, անձնագիր չունի։ Շատ հեշտ կլինի պետության միջոցներով այդ 176 հազար քաղաքացիներին տալ նաև անձնագիր, քանի որ չի կարելի ոտնահարել ընտրողների իրավունքները։ Մեր պետությունում հաստատ գումար կա դրա համար տրամադրելու, ոչ թե այսպիսի խայտառակ պայմաններով քվեարկություն անցկացվի»,֊ ասել է Բիշարյանը։
Նշենք, որ սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող նախաձեռնություններն ուը անհատները նշում են, որ նույնականամցման քարտ ունեցող տասնյակ հազարավոր մարդկանց համար տեսականորեն հնարավորություն է ստեղծվում քվեարկել և՛ անձնագրով, և՛ նույնականացման քարտով։