Հայաստանում գործող կոռումպացված դատական ատյանների, պատժիչ բնույթ ունեցող արդարադատության համակարգի պայմաններում Սողոմոն Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կարող է կարևոր նախադեպ հանդիսանալ ցմահ ազատազրկված անձանց, ինչպես նաև մյուս դատապարտյալների խնդիրները ևս մեկ անգամ քննարկելու, դրանց լուծում տալու համար։ Հայաստանյան մամուլի օգնությամբ, սակայն, քննարկումների վեկտորն ուղղվեց միանգամայն այլ կողմ։
20 տարի բանտում անցկացրած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին հիվանդություններ ունենալու պատճառաբանությամբ ազատելու լուրը մի շարք ԶԼՄ֊ների կողմից մատուցվում էր հետևյալ լույսի ներքո․ ադրբեջանցուն սպանած ազատամարտիկին ազատելը ճիշտ որոշում էր։ Նրանք, ովքեր իրենց նյութերում «ադրբեջանցի» բառը վերնագրում չէին նշում, հոդվածներում, այնուամենայնիվ, հատուկ ընդգծում էին սպանված Իրանի քաղաքացու՝ ադրբեջանցի լինելու փաստը, կարծես, դա առաջնային կարևորություն ուներ։ Մամուլում շատ էր հանդիպում «պարսկահպատակ ադրբեջանցի» արտահայտությունը, որը նախկինում էլ օգտագործվել էր Սողոմոն Քոչարյանի մասին նյութերում։ Նույն ԶԼՄ֊ներում, սակայն, երբեք չէին հանդիպում «պարսկահպատակ հայ» կամ «հայաստանահպատակ ռուս» բառերը։ Որոշ ԶԼՄ֊ներ, հավանաբար հասկանալով, որ Պարսկաստան անունով երկիր չկա, կա Իրան, օգտագործեցին «իրանահպատակ ադրբեջանցի» արտահայտությունը, որում, նույնպես, չգիտես ինչու, նշվում է սպանվածի «հպատակությունը»։ Լրատվամիջոցները փորձեցին կարծիք ձևավորել, որ «պարսկահպատակ ադրբեջանցի» սպանելը մեղմացուցիչ հանգամանք է, և դրա համար ցմահ ազատազրկումն անհամաչափ պատիժ է։
Նյութերի մատուցման նման ձևը ստվերում թողեց այն, ինչն իրականում կարևոր է․ առաջին անգամ 20 տարի բանտում անցկացրած ցմահ դատապարտյալ ազատ արձակվեց։ Իհարկե, կարևոր կլիներ, որ, բացի առողջական վիճակը հաշվի առնելուց, վերանայվեր Քոչարյանի գործը, քննվեին նրա դատավճռի հետ կապված հարցերը, մասնավորապես, արդյո՞ք պատիժն արդար է եղել, արդյո՞ք դատարանի վրա ճնշում է գործադրվել, ինչպես են Քոչարյանի՝ ղարաբաղյան պատերազմում անցկացրած տարիներն ազդել նրա հոգեկան վիճակի վրա։
20 տարվա ազատազրկումից հետո ցմահ դատապարտյալների վաղաժամ ազատման հարցի քննարկումը, նրանց գործերի վերանայումն այն է, ինչ պահանջում էին մի քանի օր հացադուլ անցկացրած ցմահ ազատազրկվածները։ Արդարադատության համակարգի վրա հանրային ճնշումը պետք է գնա այդ ուղղությամբ՝ Քոչարյանին վերաբերող նախադեպային որոշումը հաշվի առնելով։
Բայց ինչ է ստացվում․ եթե դիտարկենք ԶԼՄ֊ների կողմից ստեղծած ֆոնը, կարելի՞ է ենթադրել, որ այլոց գործերը չպետք է վերանայել, քանի որ չկա մեղմացուցիչ հանգամանք՝ մյուս ցմահ ազատազրկվածները «պարսկահպատակ ադրբեջանցի» չեն սպանել կամ ծանր հիվանդ չեն։
Այն, թե ինչ «հպատակություն» է ունեցել Սողոմոն Քոչարյանի կողմից սպանված մարդը, բացարձակապես կարևոր չէ։ Խնդիրն արդարադատության համակարգն է, որը հարյուրներով ապօրինի դատավճիռներ է կայացնում՝ արդարացնելով մեղավորներին, և անհիմն պատիժներ սահմանում անմեղների համար։ Դրա մասին, սակայն, քննարկում գրեթե չեղավ․ «ադրբեջանցի» բառը ծածկեց ամեն ինչ։
Արմեն Մ․
Լուսանկարը՝ hetq.am